• Latest news

Տղամարդը գիտակցության է եկել 15 տարի վեգետատիվ վիճակում մնալուց հետո

27 սեպտեմբերի, 2017  12:57

35-ամյա ֆրանսիացին, որն ավտոմոբիլային վթարից հետո 15 տարի վեգետատիվ վիճակում էր գտնվում, սկսել է գիտակցության նշաններ դրսեւորել թափառող նյարդի էլեկտրախթանման (այսպես կոչված VNS-թերապիայի) կիրառման արդյունքում։ Այս դեպքը բժիշկները նկարագրել են Current Biology ամսագրում։

Առայսօր մասնագետները վստահ էին, որ ավելի քան 12 ամիս վեգետատիվ վիճակում գտնվելը բացառում է գիտակցության գալու հավանականությունը։ Institut des Sciences Cognitives Marc Jeannerod-ի (ֆրանսիա) գիտնականները, սակայն, ապացուցել են, որ դա այդպես չէ։

Փորձը նախաձեռնող Անջելա Սիրիգուն պատմել է, որ հետազոտողները միտումնավոր են ընտրել բարդ դեպք, որպեսզի ստացված դրական արդյունքը անհնար լինի բացատրել պատահականությամբ կամ հիվանդի վիճակի բնական բարելավումով։ Նրանց ընտրությունը կանգ է առել այն հիվանդի վրա, որն արդեն գրեթե 15 տարի վեգետատիվ վիճակում էր գտնվում՝ առանց բարելավման որեւէ նշանների։ Հիվանդի անունը չեն հայտնում ու նրա ազգականները հրաժարվել են շփվել մամուլի հետ։

Հիվանդի մոտ տեղադրել են իմպլանտատ, որը 6 ամսվա ընթացքում էլեկտրական ազդակներով խթանում էր թափառող նյարդը, որն ուղեղին ազդանշաններ է հաղորդում։ Թափառող նյարդը մեկ ամիս խթանելուց հետո հիվանդի արձագանքները ու նրա ուղեղի ակտիվությունը զգալիորեն բարելավել են։ Տղամարդը սկսել է արձագանքել բժիշկների հասարակ ցուցումներին, ինչը նախկինում երբեւէ չէր արել։ Օրինակ նա կարողանում էր աչքերով հետեւել օբյեկտին ու գլուխը շրջել այս կամ այն կողմ՝ փորձի մասնակիցների խնդրանքով։ Խթանումից հետո հետազոտողները նաեւ դիտարկել են արձագանք «սպառնալիքին», ինչը նույնպես նախկինում երբեւէ չէր նկատվել։ Օրինակ երբ բժշկի գլուխը անսպասելիորեն մոտենում էր հիվանդի դեմքին, նա զարմանքով էր արձագանքում դրան, լայն բացելով աչքերը։ Բացի դրանից հիվանդի մայրը հայտնել էր, որ երբ ինքը նրա համար բարձրաձայն կարդում էր, նա ավելի երկար էր արթուն մնում ու ավելի ուշադիր էր լսում։

Ուղեղի ակտիվության գրանցումը բացահայտել է լուրջ փոփոխություններ։ ԷԷԳ-ի տետա- ռիթմը, որը վեգետատիվ վիճակը նվազագույն գիտակցության վիճակից տարբերող առավել կարեւոր նշանն է, զգալիորեն ուժեղացել է ուղեղի այն մասերում, որոնք պատասխանատու են շարժման, զգացողությունների ու գիտակցության համար։ VNS թերապիան նույնպես ավելացրել է ուղեղի ֆունկցիոնալ ակտիվությունը՝ ՊԷՏ սկանավորումը ցույց է տվել մետաբոլիկ ակտիվության ավելացում ուղեղի թե կորտիկալ, թե ենթակեղեւային մասերում։

Այդ ունիկալ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ճիշտ միջամտությունը կարող է գիտակցության մեջ փոփոխությունների հանգեցնել նույնիսկ ամենաբարդ կլինիկական դեպքերում, հավաստիացնում են հետազոտողները։

Հիմա գիտնականները ծրագրում են մեծ համատեղ հետազոտություն իրականացնել՝ VNS-թերապիայի թերապեւտիկ ներուժի հաստատման ու ընդլայնման համար՝ վեգետատիվ կամ նվազագույն գիտակցական վիճակում գտնվող հիվանդների համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել