Անգործության դեպքում առաջիկա տասը տարիներին օփիոիդների չափաբաժնի գերազանցման հետեւանքով ԱՄՆ-ում կարող է մահանալ մոտ 500 հազար մարդ։ Համեմատության համար ասենք, որ շուրջ այդքան մարդ է 1980-ից առայսօր երկրում մահացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, հայտնում է STAT-ը։

Օփիոիդներից կախման համաճարակը սկիզբ է առել 1990-ականների կեսերից, երբ ԱՄՆ-ում բժիշկները բախվել են քրոնիկ ցավերի մասին հիվանդների գանգատների աճին։Դրանից վայրկենապես օգտվել են դեղագործական ընկերությունները, որոնք սկսել են «գովազդել» օփիոիդների հիմքով պատրաստված դեղամիջոցները, նաեւ բժիշկներին համոզել, որ նման դեղամիջոցների նշանակումն անվտանգ է։ Այսպիսով, օփիոիդ խմբի դեղատոմսով նշանակվող դեղամիջոցները լայն տարածում են ստացել ԱՄՆ տարածքում։

Օփիոիդների հանդեպ կախում ունեցող մարդկանց աճող թվի եւս մեկ պատճառ է բժիշկների կողմից հիվանդներին նշանակվող նման դեղամիջոցների ծավալը։ Օրինակ, ինչպես նշում է The New York Times թերթը, ոմանց նշանակում էին օփիոիդ դեղամիջոցներով մեկ շաբաթվա բուժում իմաստության ատամի հեռացումից հետո, մինչդեռ այդ դեպքում բավական է ընդամենը մեկ օր ցավազրկող ընդունելը, բացի այդ՝ դրա համար միանգամայն հարմար են այնպիսի հասարակ անելգետիկներ, ինչպիսիք են ասպիրինը կամ իբուպրոֆենը։

Շատ դեպքերում, երբ մարդու մոտ արդեն ձեւավորվում է կախում ու նա բժշկին է դիմում  նոր դեղատոմս ստանալու համար, վերջինը հրաժարվում է եւս մեկ կուրս նշանակել, քանի որ հասկանոմ է, որ հիվանդի խնդիրն արդեն ոչ թե ցավի դեմ դեղամիջոց՝ այլ թմրադեղ ստանալու պահանջն է։ Դրանից հետո մարդը սկսում է օփիոիդներ գտնելու այլ ուղիներ որոնել, երբեմն էլ անցնում է հերոինի կամ էլ, ինչն ավելի սարսափելի է, ֆենտանիլի։ Վերջինս սեւ շուկայում հայտնվել է համեմատաբար վերջերս ու սինթեթիկ նյութ է, որը մոտ 100 անգամ ավելի ուժեղ ներգործություն ունի, քան մորֆինը։

Հենց ֆենտանիլն է, Թմրամոլության ազգային ինստիտուտի տվյալներով, դարձել չափաբաժինների գերազանցման հետեւանքով մահերի սրընթաց աճի պատճառը։ Ըստ ինստիտուտի հետազոտությունների՝ եթե 2011-ին սինթեթիկ օփիոիդների չափաբաժնի գերազանցման հետեւանքով ԱՄՆ-ում մահացել էր մոտ 2 հազար մարդ, ապա մինչեւ 2015-ի կեսերը, ֆենտանիլի տարածման հետ մեկտեղ, նման մահերի քանակը հասել էր 14 հազարի։ 

The New York Times-ի տվյալներով ՝ չափաբաժնի գերազանցումից տարեկան մահանում են տասնյալ հազար մարդիկ։ 2016-ին դրա հետեւանքով մահացած մարդկանց թիվը կազմել է 59 - 65 հազար մարդ։

Ըստ ԱՄՆ Թրմադեղերի դեմ պայքարի վարչության տվյալների՝ այսօրվա դրությամբ չափաբաժնի գերազանցումից օրական 144 մարդ է մահանում ԱՄՆ-ոիմ։ Այդ մահերի կեսից ավելին՝ 63 տոկոսը, բաժին է ընկնում օփիոիդ խմբի դեղատոմսային դեղամիջոցներին, հերոինին ու ֆենտանիլին։ Ընդ որում վերջին 15 տարիներին օփիոիդների չափաբաժնի գերազանցումից մահացածների թիվը բոլոր նահանգներում կայուն աճել է։

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավազրկող դեղամիջոցների, հերոինի ու ֆենտանիլի չափաբաժնի գերազանցման հետեւանքով ամերիկացիների մահերի աճող թիվն անվանել է պետության կրիտիկական խնդիրը ու հայտնել , որ պատրաստվում է պաշտոնապես այդ իրավիճակն ազգային աղետ ճանաչել։