ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաների զարգացումը կարող է շատ նոր հնարավորություններ բացել հայ գիտնականների առաջ եւ բժշկությունն ու քրեագիտությունը երկրում նոր մակարդակի բարձրացնել։ «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները եւ դրանց գործնական կիրառումը» սեմինարից առաջ այս մասին լրագրողներին ասել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ նույնականացման բաժանմունքի պետ Աննա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ առանց ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաների՝ այսօր դժվար է պատկերացնել ինչպես քրեագիտությունը, այնպես էլ բժշկությունը։ Հենց ԴՆԹ նույնականացումն է ընկած ժամանակակից դատաբժշկական փորձաքննության հիմքում։ Ինչ վերաբերում է բժշկությանը, ապա ԴՆԹ սեքվենավորումը, մարդկային գենոմի հաջորդականությունը ուսումնասիրելը, այսօր լայնորեն կիրառվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման համար։ Այն օգնում է նաեւ անհատական բուժում գտնել յուրաքանչյուր հիվանդի համար։ Փորձագետը նշեց, որ այս տեխնոլոգիաներն ուղղակի անփոխարինելի են քաղցկեղային ու ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար։ Օրինակ՝ միտոքոնդրիալ հիվանդությունները, որոնք պայմանավորված են միտոքոնդրիումների դեֆեկտներով, կարող են ամենատարբեր ընդհանուր ախտանիշներ ունենալ (օրինակ՝ մկանային թուլություն) եւ միայն կլինիկական պատկերով դժվար է ախտորոշել դրան, իսկ երբեմն էլ՝ անհնար։ Այդ պատճառով դրանց ախտորոշման եւ բուժման համար պետք է ուսումնասիրել հիվանդների ԴՆԹ–ն։ Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանի խոսքով՝ մարդկային գենոմի հաջորդականության հետազոտությունը կարող է օգտագործվել ոչ միայն ախտորոշման եւ բուժման համար, այլ նաեւ գենետիկ հիվանդությունների կանխարգելման։ «Գենետիկ հիվանդությունների ճնշող մեծամասնությունը անբուժելի է, դրա համար էլ այդ հիվանդությամբ երեխաների լույս աշխարհ գալու հավանականության հաշվարկումը նույնպես կարեւոր է»,- նշեց մասնագետը։ Նրա խոսքով՝ հայ մասնագետներն արդեն ունեն մարդու գենոմի հետ աշխատելու բավականաչափ փորձ, անհրաժեշտ սարքավորումներ նույնպես կան։ Սակայն զարգացած երկրների ավելի փորձառու մասնագետների հետ շփումը կնպաստի երկրում այդ տեխնոլոգիաների հետագա զարգացմանն ու կօգնի ներդնել դրանց կիրառման նոր ոլորտները։ ԴՆԹ սեքվենավորման նորագույն տեխնոլոգիաները քննարկելու համար Երեւանում հոկտեմբերի 11-13-ը անցկացվում է «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները ու դրանց գործնական կիրառումը» գիտագործնական սեմինարը, որը կազմակերպել են Փորձաքննության ազգային բյուրոն ու Բժշկական գենետիկայի եւ առողջապահության առաջնային պահպանության կենտրոնը՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ։ Սեմինարին մասնակցում են մասնագետներ Ճապոնիայից, Շվեդիայից, Դանիայից ու Վրաստանից, որոնք հայ գիտնականներին են փոխանցում իրենց փորձն ու գիտելիքները։ Սեմինարի հյուրերից մեկը Սատորու Միյանոն (Ճապոնիա) է, որն իր դասախոսության ժամանակ, հոկտեմբերի 12-ին, պատմելու է քաղցկեղային հիվանդությունների ժամանակ ԴՆԹ հաջորդականության վերլուծության ու սուպերհամակարգչի եւ արհեստական ինտելեկտի կարեւոր դերի մասին։ «Ճապոնիայում ես զբաղվում եմ քաղցկեղի գենոմիկայի ուսումնասիրությամբ, քաղցկեղի գենոմի սեքվենավորմամբ ու փորձում եմ գտնել այն մուտացիաները, որոնց պատճառով զարգանում է քաղցկեղը։ Այդ աշխատանքի համար մեզ պետք է ոչ միայն ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիան, այլեւ սուպերհամակարգիչ եւ արհեստական ինտելեկտ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ գենոմը»,- նշել է գիտնականը հայ լրագրողների հետ զրույցում։ Նա հավելել է, որ այդ սեմինարը կարող է հիմք դառնալ հայ ու ճապոնացի գիտնականների հետագա համագործակցության համար։ Նշենք, որ սեքվենավորումը ԴՆԹ-ի ու ՌՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականության որոշման տեխնիկան է՝ դրա առաջնային կառուցվածքի նկարագրությունը ստանալու համար։ Սեքվենավորման ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կարելի է «ընթերցել» գենոմի միանգամից մի քանի հատվածներ ու աշխատանքային մեկ ցիկլի ընթացքում կարելի է ստեղծել նուկլեոտիդային հաջորդականությունների մինչեւ հարյուր մեգաբազա ու գիգաբազա։
ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաների զարգացումը բժշկությունն ու քրեագիտությունը երկրում նոր մակարդակի կբարձրացնի






