Ամերիկացի Փոլ Գեյլորդը 27 օր շարունակ միացված է եղել կենսաապահովման սարքերին ու բժիշկները վստահ էին, որ նա այլեւս ուշքի չի գա։

Օրեգոն նահանգի բնակիչն իր կատվից վարակվել էր ժանտախտով դեռ 2012-ին, երբ փորձել է սատկած մուկը հանել կենդանու երախից։ Այդ պահին կենդանին կծել էր նրա մատը։ Սկզբում Փոլը դրան նշանակություն չէր տվել, բայց հետո նրա մոտ սկսվել էր տենդ։ Նրա թեւատակի գեղձերը այտուցվել էին ու դարձել կիտրոնի չափ, իսկ մաշկը մոխրագույն էր դարձել, հայտնում է The Sun-ը։
Տղամարդը սպանել էր կատվին՝ նրան տառապանքներից ազատելու համար ու թաղել բակում։
«Իմ բժիշկն ասել է, որ ինձ մոտ զարգացած են ժանտախտի բոլոր երեք փուլերը՝ ավշային (ամենաանվտանգ տեսակը, որն ախտահարում է ավշային հանգույցները), թոքային (որը ախտահարում է թոքերը) ու սեպտիկ (արյան)»,- ասել է Փոլ Գեյլորդը։

Փոլը 27 օր միացված է եղել կենսաապահովման սարքին․ «Սեւ մահը» դանդաղորեն ուտում էր նրա օրգանները։ Նույնիսկ հիվանդի որդին էր հատուկ ժամանել այլ երկրից՝ նրան հրաժեշտ տալու համար։ Բժիշկները նույնպես հույսները կտրել էին նրան փրկելուց, երբ հիվանդն անսպասելիորեն ուշքի է եկել։

«Թե որքանով էր լուրջ իմ վիճակը, ես հասկացա, երբ ուշքի եկա կոմայից ու լսեցի, որ բժիշկներն ուզում էին անջատել կենսաապահովման սարքերը»,- պատմել է տղամարդը։
Փոլի ձեռքերի ու ոտքերի բոլոր մատները կտրել են։ Ապաքինումից հետո Փոլը, որը մասնագիտությամբ ատաղձագործ էր, հեռացել է աշխատանքից, բայց որպես նախասիրություն շարունակում է զբաղվել որսորդական դանակներ պատրաստելով։







