Նիհարեցնող սննդակարգերը , որոնք սահմանափակում են այս կամ այն սննդարար նյութերի, մասնավորապես ճարպերի ու ածխաջրերի գործածումը, կտրականապես հակացուցված են դեռահաս աղջիկներին։ Նրանց դեպքում նորմալ քաշ պահպանելու կամ ավելորդ քաշից ազատվելու համար միակ խորհուրդներն առողջ կենսակերպ վարելն ու հավասարակշռված սննդակարգ պահպանելն է, վստահեցնում են մանկաբույժներ Մարինա Մելքումովան ու Եվա Մովսեսյանը։
«Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» տվյալներով, որը իրականացվել է 2013-2014 թթ, Հայաստանում ավելորդ քաշ ունի 15-ամյա տղաների 14 եւ 15-ամյա աղջիկների 5 տոկոսը, բայց միաժամանակ 15-ամյա աղջիկների 20 տոկոսն իրեն գեր է համարում։ Մարինա Մելքումովայի խոսքով՝ արդեն այդ տարիքից աղջիկները սկսում են հետեւել զանազան դիետաների, որոնք առատորեն ներկայացված են համացանցում, ինչն անթույլատրելի է ու կարող է նյարդային անորեքսիայի հանգեցնել։
Մանկաբույժների խոսքով, 10-15 տարեկան աղջիկներին չի կարելի հետեւել սահմանափակող դիետաների, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ունեն որոշակի հիվանդություններ, որոնք պահանջում են սննդակարգի սահմանափակումներ։
Նա հավելեց, որ աղջիկների վարքագծի վրա մեծամասամբ ազդում է մոր ու մյուս մեծահասակ ազգականուհիների վարքագիծը, բայց եթե տարեց կանանց համար սահմանափակող սննդակարգերը վտանգավոր չեն, նույնը չի կարելի ասել 15 տարեկան աղջիկների մասին։ Նվազ կարեւոր դեր չէ կատարում նաեւ գովազդը, սլացիկ կազմվածքով հանրահայտ կանանց լուսանկարները, բայց պետք է հիշել, որ սլացիկ կազմվածքի այսպիսի էֆեկտը հիմնականում ապահովվում է ֆոտոշոփի օգնությամբ։
Եվա Մովսեսյանը նշեց, որ հատկապես վտանգավոր են նիհարեցնող թեյերը, քանի որ դրանք թույլ չեն տալիս, որ երկաթը ներծծվի, ինչը կարող է սակավարյունության պատճառ դառնալ։ «Ինչ վերաբերում է ճարպերին, ապա պետք է հիշել, որ հենց ճարպերն են պատասխանատու սեռական հորմոնների սինթեզի համար»,- ասել է նա։
Մարինա Մելքումովան հավելել է, որ նյարդային անորեքսիաները հաճախ են ուղեկցվում դաշտանային ցիկլի խանգարումներով, քանի որ սննդակարգում ճարպերի անբավարար քանակության պատճառով խախտվում է սեռական հորմոնների սինթեզը։ Դա ծանր պաթոլոգիա է, երբ աղջիկները չեն կարողանում զսպել ավելի շատ նիհարելու իրենց ցանկությունը, ու այդ պաթոլոգիայի բուժման համար անհրաժեշտ է մասնագետների՝ մանկաբույժների, գինեկոլոգների, հոգեբանների, երբեմն էլ հոգեբույժների համալիր մոտեցում։






