Հեպատիտ С-ի բուժման հարցում լուրջ առաջխաղացումներ են գրանցվել։ Շուտով շուկայում կհայտնվի ոչ թանկարժեք ու գերարդյունավետ դեղամիջոց։ Այս մասին Սան Պաուլուում տեղի ունեցած ԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ հայտնել է Լիվերփուլյան համալսարանի դեղագործության հարցերով փորձագետ Էնդրյու Հիլլը, հայտնում է ՄԱԿ լրատվական կենտրոնը։
Նրա խոսքով՝ հեպատիտ С-ի բուժման համար նոր դեղամիջոցը «ավիատոմսից թանկ չէ» (50 դոլար), սակայն տարբեր պատենտային սահմանափակումների պատճառով նման էժան դեղամիջոցը դեռ հասանելի չէ հիվանդներին։ Խոսքը սոֆոսբուվիրի ու դակլատասվիրի համադրության մասին է։
88 երկրներում 1160 հիվանդներին ջեներիկով 12 շաբաթ բուժելու արդյունքներով արդյունավետությունը կազմել է 90 տոկոս, ինչը չի զիջում օրիգինալ բրենդային դեղամիջոցների ցուցանիշներին՝ միաժամանակ ունենալով շատ ավելի ցածր գին։ Համեմատության համար ասենք, որ նման բանաձեւով դեղամիջոցների գինը տատանվում է 78 դոլարից ՝ Հնդկաստանում մինչեւ 96 հազար դոլար՝ ԱՄՆ-ում։
«Այսօրվա դրությամբ հեպատիտ С-ով ամբողջ աշխարհում վարակված է 70 մլն մարդ։ 50 դոլար արժողությամբ այդ դեղամիջոցով նրանց ապահովելու համար մոտ 3․5 մլրդ դոլար է պահանջվում։ Իսկ դա առողջապահական նպատակների համար համաշխարհային բյուջեի մեկ տոկոսից էլ քիչ է»,- հայտնել է Էնդրյու Հիլը։
Նա պետություններին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել հեպատիտի այդ տեսակի ծավալները կրճատելու ուղղությամբ, որը տարեկան 1․3 մլն կյանք է խլում։
Բրազիլիայում գագաթնաժողով ժամանակ ԱՀԿ ներկայացուցիչները հիշեցրել են մինչեւ 2030 թ․ հեպատիտ С-ն վերացնելու նպատակի մասին։ Առայժմ այդ նպատակի իրագործման ճանապարհին են միայն յոթ պետություններ՝ Ավստրալիան, Բրազիլիան, Վրաստանը, Գերմանիան, Եգիպտոսը, Իսլանդիան, Նիդերլանդները, Կատարն ու Ճապոնիան ։






