Այսօր դուք այն առաջին երջանիկներն եք, որ պոլիֆագերի մասին կլսեք անմիջապես ստեղծողներից եւ նրանցից, ովքեր առաջին անգամ կիրառել են այս դեղերը: Երեւանում ընթացող «Բակտերիոֆագերի կիրառումը ստոմատոլոգիայի մեջ» համաժողովը նման բառերով բացեց «Հոսպիտալային համաճարակաբան» ասոցիացիայի ղեկավար, «Միկրոմիր Հայաստան» ընկերության ղեկավար եւ «Էրեբունի» ԲԿ կլինիկական համաճարակաբանության խոհրդատու Անահիտ Սարգսյանը:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա հայտնեց, որ 2 ամիս առաջ տեղի ունեցած համաժողովի ժամանակ համաճարակաբաններին եւ վարակաբաններին ներկայացվել է ռուսական «Միկրոմիր» ըկերության պոլիֆագերի ամբողջ սպեկտորը, իսկ այսօր նրանք ներկայացնում են կոնկրետ արտադրանք ստոմատոլոգների համար՝ ֆագոդենտը, որը կազմված է 58 ֆագից եւ գործում է 36 բակտերիայի դեմ:
Նա նշեց, որ պոլիֆագերը որպես կանխարգելման միջոց անչափ հետաքրքիր են, մասնավորապես՝ նույն ֆագոդենտը եւ օտոֆագը, որը կիրառվում է ԼՈՌ հիվանդությունների բուժման համար, կարելի է կիրառել որպես սեզոնային մրսածության հիվանդությունների կանխարգելման միջոց: Ֆագոդենտը կարելի է համարել նաեւ բերանի խոռոչի հիգիենայի միջոց: Միակ բանը, որ պահանջվում է, այն ընդունելուց հետո 40 րոպե ջուր չխմելն է, ինչպես նաեւ դեղը սառնարանում պահելը, ասաց Անահիտ Սարգսյանը:
Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց «Պլյուս ֆագ» ընկերության գիտական դեպարտամենտի պետ, «Միկրոմիր» ընկերության աշխատակից Գալինա Պաշկովան, հայ ստոմատոլոգներին կծանոթացնեն ֆագոդենտի կիրառման մեթոդիկայի հետ պարոդոնտի, բերանի խոռոչի լորձաթաղանթի եւ դենտալ իմլանտները շրջապատող հյուսվածքների հիվանդությունների համալիր բուժման մեջ:
«Ռուսաստանում միջոցը հաջողությամբ օգտագործվում է 2013 թվականից, համալսարանների ամբիոններում անցկացվել է ավելի քան 12 ծավալուն հետազոտություն: Սա լայնորեն օգտագործվող հակաբակտերիալ միջոցներին անվտանգ այլընտրանք է: Մեր նախագծի նպատակն է բակտերիոֆագերի հիման վրա միջոցների ներդրումը, նշված հիվանդությունների բուժման օպտիմալացումը, բնակչության կողմից հակաբակտերիալ դեղամիջոցների ընդունման սահմանափակումը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Միկրոմիր Հայաստան» ընկերությունը՝ ռուսական «Միկրոմիր» ընկերության գործընկերը, Հայաստանում գործում է 2017 թվականի հունիսից: Ընկերության միջոցները վաճառվում են Երեւանի մի քանի դեղատներում, ինչպես նաեւ «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոնների դեղատներում:
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի սկզբին Երեւանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ «Միկրոմիր» ընկերության ղեկավար Ալեքսանդր Զուրաբովը հիշեցրել է, որ բակտերիոֆագերը հայտնաբերվել են դեռեւս 100 տարի առաջ, սակայն բժշկական պրակտկայում այդպես էլ իրենց ճիշտ տեղը չէին գտել. հակաբիոտիկների ստեղծմամբ դրանք երկրորդ պլան էին մղվել: Նրա խոսքով՝ բակտերիոֆագերը հակաբիոտիկների հակաթեզը չեն, սակայն սա առաջին ընտրության միջոց է, որի կիրառումը թույլ կտա զգալիորեն կրճատել հակաբիոտիկների կիրառումը:
[gallery id=104]
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






