Գիտնականները վաղուց էին հայտնել, որ երիտասարդ մկների արյան փոխներարկումից հետո տարեց կրծողներն ավելի խելացի են դարձել։ Ու հաջորդ տրամաբանական քայլը, հետազոտողների կարծիքով, կլիներ տարեց մարդկանց օրգանիզմում երիտասարդ մարդկանց արյան գործածումով փորձարկումը։ Կա տեսակետ, որ նմանատիպ փոխներարկումները կկանխեն կամ զգալիորեն կդանդաղեցնեն ծերունական թուլամտության զարգացումը։ Հիմա արդեն իրականացվել է նման փորձարկում, որը բժշկության պատմության մեջ առաջինն է, սակայն դրա եզրակացությունները դժվար թե ուրախացնեն մեծ քանակությամբ մարդկանց։
2014-ին սկսվել է հետազոտություն, որի շրջանակում ուսումնասիրվել է թուլամտության բուժման համար երիտասարդ արյան գործածման հնարավորությունը։ Դրա հեղինակ Թոնի Վիսս-Կորեյը գործընկերների հետ միասին իրականացրել է փորձարկում 18 հիվանդների մասնակցությամբ, որոնք տառապում են Ալցհեյմերի միջին ծանրության հիվանդությամբ։
Մասնակիցները, որոնց տարիքը կազմել է 54-86 տարեկան, չորս շաբաթվա ընթացքում ամեն շաբաթ անցել են արյան փոխներարկման պրոցեդուրա՝ ոմանց փոխներարկել են երիտասարդ տղամարդկանց պլազման, մյուսներին՝ պլացեբո։ Հեղինակները ցույց են տվել, որ նման պրոցեդուրան անվտանգ է՝ կողմնակի էֆեկտ՝ ցանի տեսքով, զարգացել էր հետազոտության մասնակիցներից միայն մեկի մոտ։
Ամբողջ փորձի ընթացքում կամավորներին խնդրել էին կատարել տարբեր առաջադրանքներ, այդպիսով գնահատելով նրանց մտավոր ունակությունները։ Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ զգալի բարելավումների հասնել չի հաջողվել։ Մարդկանց համար ընդամենը թեթեւակիորեն է հեշտացել ամենօրյա գործերն անելը՝ այս առումով նրանց ունակությունը լավացել է միջինը 4․5 կետով՝ 30 բալանոց սանդղակով։
Որոշ մասնագետների կարծիքով, նման բարելավումը կարող է լինել պարզապես պլացեբոյի էֆեկտ, հաշվի առնելով, որ այդ ընթացքում հիվանդներն իրենց նկատմանբ զգացել են լրացուցիչ ուշադրություն ու հոգատարություն, գրում է Science պորտալը։
Հետազոտողները դեռ չեն հրապարակել հետազոտության արդյունքները, ներկայացնելով դրանք միայն համաժողովի ժամանակ։ Գիտական համայնքն այդ փորձին ու ստացված տվյալներին թերահավատորեն է վերաբերվել, նշելով , որ այդ մեթոդաբանությունը միանգամից մարդկանց վրա փորձարկելը տարօրինակ էր ՝ հաշվի առնելով, որ դրանք նախապես չէին փորձարկվել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող կենդանիների վրա։
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ այս ոլորտում փորձերը պետք է շարունակել, պարզապես հիմա պետք է օգտագործել ոչ թե ամբողջ պլազման, այլեւ դրա առանձին բաղադրիչները։






