Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը մոտ ժամանակներս հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների համար ցուցումներ կհրապարակի գրիպի դեմ դեղամիջոցներ ընդունած հիվանդների «տարօրինակ վարքի» կապակցությամբ։
Նախարարության տվյալներով՝ անցյալ տարի գրանցվել է 54 դեպք, երբ գրիպով հիվանդ մարդիկ՝ գերազանցապես երեխաներ եւ դեռահասներ, սկսել են փախչել կամ փորձել են պատուհանից դուրս նետվել։
Ավելի վաղ նման ռիսկերի մասին խոսում էին «Տամիֆլու» (Օսելտամիվիր) դեղամիջոցի կապակցությամբ։ Ճապոնիայում այն արդեն մի քանի տարի դեռահասներին արգելվում է դուրս գրել։ Հիմա նախարարությունը նշում է, որ ռիսկերը տարածվում են նաեւ նրանց վրա, որոնք ընդունում են «Լանինամիվիր» եւ «Ռելենզա» (Զանամիվիր) դեղերը։
Ընդհանուր առմամբ անցյալ տարի բժիշկները հայտնաբերել են «Տամիֆլու»–ի պատճառով անադեկվատ վարքի 38, «Ռելենզա»–ի գործածման հետեւանքով 11 եւ «Լանինամիվիր»–ի պատճառով 5 դեպք։ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս այդ դեղամիջոցներն ընդունելիս հետեւել, որ տան պատուհաններն ու դռները ամուր փակված լինեն, իսկ երկհարկանի մասնավոր տներում գրիպով հիվանդին պահել առաջին հարկում։






