Հայկական շատ դպրոցներում ներառականությունը միայն ցուցադրական բնույթ ունի․ հաշմանդամություն ունեցող երեխաները դպրոց են հաճախում, դասերին ֆիզիկապես ներկա են լինում, բայց լիակատար կրթություն չեն ստանում։ Այդ մասին լրագրողների հետ զևույցում նշել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դպրոցներից մեծ մասի հիմնական առարձնահատկությունը մուտքի մոտ թեքահարթակների առկայությունն է։
Բայց միայն թեքահարթակը չի կարող դպրոցն իրական ներառական դարձնել, քանի որ հաշմանդամության սայլակի մեջ գտնվող երեխաները հաշմանդամություն ունեցող երեխաների միայն մի փոքր տոկոսն են։ Պետք է նաեւ ունենալ անձնակազմ, որը կարող է աշխատել հաշմանդամ բոլոր երեխաների հետ եւ նրանց անհրաժեշտ գիտելիք տալ։
Ալավերդյանը նշել է, որ իր հասարակական կազմակերպությանը մեկ անգամ չէ, որ դիմել են Դաունի համախտանիշով, աուտիզմով կամ այլ հիվանդությամբ երեխաների ծնողներ։ Նրանք դժգոհել են, որ դասերին հաճախելիս իրենց երեխաները նստում են ամենավերջին նստարաններին, լավագույն դեպքում ինչ-որ բան են նկարում՝ առանց մասնակցելու ուսումնական գործընթացին։
«Որտե՞ղ է ներառականությունը,- հարցնում է Ալավերդյանը,- դա միայն ցուցադրական երեւույթ է։ Ավելի լավ է դպրոցներում ներառականություն մտցնել աստիճանաբար, դանդաղ։ Թող ներառական լինեն սահմանափակ թվով դպրոցներ, բայց որ ներառականությունը իրական լինի, ինչպես Թումո կենտրոնում կամ Հայաստանի ամերիկյան համալսարանում»։
Նրա խոսքով՝ վերոնշյալ ուսումնական հաստատություններում կան բոլոր պայմանները, որ ցանկացած հաշմանդամ երեխա կարողանա լիակատար կրթություին ստանալ։ Խնդիրը միայն այն չէ, որ այդ շենքերում հեշտ է հաշմանդամության սայլակով տեղաշարժվելը, այլ նաեւ այն, որ դասավանդողներն իսկապես աշխատում են բոլոր աշակերտների եւ ուսանողների հետ։
Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանի ներառական դպրոցներում պետք մշակվեն այնպիսի ուսումնական ծրագրեր, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավոր լինի ներգրավվել ուսումնական գործընթացի մեջ, սակայն դրանից մյուս երեխաների ուսումնական գործընթացը չտուժի։






