Մարդկանց մեծ մասն ականջները մաքրելու համար բամբակի փայտիկներ է օգտագործում: Սակայն շատ բժիշկներ կտրուկ դեմ են դրան. նրանց խոսքով՝  բամբակի փայտիկը կարող է վնասել լսողական անցքը, թմբկաթաղանթը, խորացնել ականջակեղտը, որը կարող է վարակ առաջացնել:

National Institute for Health and Care Excellence (Nice) մասնագետները նաեւ բացասաբար են գնահատում մեծ ներարկիչի օգնությամբ ջրի շիթով ականջները լվանալը, որը կիրառվում է ականջակեղտը մաքրելու համար: Բժիշկներն ընդգծում են՝ այդ հնացած մեթոդի փոխարեն պետք է կիրառել ավտոմատ ռեժիմով իրականացվող ողողման մեթոդը:

Հատուկ մեքենան խիստ հսկողությամբ ճնշումով ջուրը մղում է դեպի ականջ: Իսկ ձեռքով լվանալու դեպքում ճնշումը վերահսկել չի ստացվում: Ողողման մեթոդը կիրառելուց մոտ հինգ օր առաջ խորհուրդ է տրվում օգտագործել ականջի կաթիլներ՝ ականջակեղտը փափկեցնելու համար:

Բժիշկները հիշեցնում են, որ ականջի անցքը ինքն իրեն մաքրվում է. ականջակեղտը արտաքին հատված է դուրս գալիս եւ այն կարելի է խոնավ կտորով փաթաթված մատով մաքրել: