ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2016-ի հունիսին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քաղաքական հռչակագիր է ընդունել, որը 2030-ին ընդառաջ՝ աշխարհում ՁԻԱՀ-ի համաճարակը կանխելուն միտված մի շարք միջոցներ է ներառում:

Հռչակագրի համաձայն՝ 2020-ից սկսած՝ երկրները պետք է հասնեն բուժման «90 90 90» նպատակային կողմնորոշիչների (ՄԻԱՎ ունեցողների 90 տոկոսը գիտի իր կարգավիճակի մասին, իր կարգավիճակի մասին իմացողների 90 տոկոսը բուժում է ստանում, բուժում ստացողների 90 տոկոսը վիրուսային 0-ական բեռ ունի):

Չնայած բոլոր հաջողություններին՝ այս պահին Հայաստանն առայժմ հեռու է «90 90 90» նպատակներից: ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ինստիտուտի տվյալներով՝ ՄԻԱՎ ունեցող մարդկանց միայն 60 տոկոսը գիտի իր կարագավիճակի մասին: 2017-ի հոկտեմբերի տվյալներով՝ բուժում է ստանում պացիենտների շուրջ 59 տոկոսը, իսկ նրանցից 84 տոկոսի մոտ առկա է անորոշ վիրուսային բեռ:

Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ինստիտուտի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին համաձայն, որի շնորհիվ արդյունավետությունն այդքան բարձր է: Իսկ «90»-ի առաջին ցուցանիշին (90 տոկոսը գիտի, որ վարակված է) հասնելու համար անհրաժեշտ է շատ ջանքեր ներդնել, քանի որ Հայաստանի քաղաքացիները կանխարգելիչ ստուգումներ չեն սիրում եւ սեփական կամքով հազվադեպ են ստուգման գնում: Այդ պատճառով ՄԻԱՎ դեպքերի կեսը բավական ուշ է հայտնաբերվում, երբ պացիենտի մոտ խնդիրներ են առաջանում, որոնց դեպքում նա ստիպված է լինում բժշկի դիմել:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը համարում է, որ ՄԻԱՎ-ի հայտնաբերումը բարձրացնելու համար Հայաստանում պետք է ներդնել կանխարգելիչ ստուգումների մշակույթ: Երկրում այսօր կան շատ անվճար սքրինինգային հետազոտություններ (Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերով՝ շաքարախտ, հիպերտոնիա,արգանդի պարանոցի քաղցկեղ ), սակայն ժողովուրդը չի ուզում դրանց մասնակցել: Նույնը վերաբերում է ՄԻԱՎ վարակին. կարելի է ՄԻԱՎ անվճար թեստ անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնում շուրջ տարին: Նաեւ քաղաքի տարբեր կետերում տարվա մեջ մի քանի անգամ՝ ակցիաների ընթացքում, եւ եթե մարդիկ, նույնիսկ համոզված լինելով, որ իրենք առողջ են, սկսեն թեստավորվել, դա երկրում իրավիճակը տեսանելիորեն կփոխի:

Մասնագետների կարծիքով,  եթե Հայաստանի քաղաքացիներն սկսեն ակտիվորեն մասնակցել սքրինինգային հետազոտություններին եւ ՄԻԱՎ թեստավորմանը, դա երկրում նկատելիորեն կմեծացնի ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը եւ կօգնի մեզ հասնել առաջին «90»-ին: Մյուս երկու «90»-ներին հասնելն արդեն լուրջ աշխատանք չի պահանջի: