Պետբյուջեից առողջապահությանը հատկացված գումարներով այս պահի դրությամբ հաջողվում է փակել ուռուցքաբանության ոլորտի ծախսերը միայն 15 տոկոսով, իսկ սրտի անոթների ստենտավորման պահանջարկը 30-40 տոկոսով ավելի է, քան պետբյուջեն կարող է վճարել:
Այդ իրավիճակում հսկայական գումարներ ծախսել վերարտադրողական օգնության ծրագրի համար, որի արդյունքում քիչ թվով երեխաներ են ծնվում, մի քիչ շռայլ է: Այդպիսի կարծիք է հայտնել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
Անպտուղ զույգերի վերարտադրողական օգնության համար 2017-ին հատկացվել է 78,6 միլիոն դրամ (շուրջ163հազար դոլար-խմբ.): Ծրագրի արդյունքում, սակայն, ծնվել է միայն 8 երեխա (որոշ աղբյուրների համաձայն – 36):
Ըստ նախարարի՝ եթե ծրագրի արդյունքում ծնվել է 8 երեխա, ստացվում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ծախսվել է շուրջ 12 միլիոն դրամ: Նույնիսկ եթե ծնվել է 36 երեխա, յուրաքանչյուրի համար ստացվում է 4 միլիոն: Հայաստանի համար դրանք մեծ գումարներ են, որոնք, նախարարի կարծիքով, կարելի է ավելի արդյունավետ ծախսել: Այդ պատճառով որոշվել է դադարեցնել ծրագիրը, իսկ միջոցներն ուղղել ստենտավորման ու դիալիզի ծրագրերին:
Նախարարը նաեւ նշել է, որ վերատադրողական օգնության ծրագիրը կարող էր պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակել. Հայաստանում տարեկան մոտ 2000-3000 կին Արտամարմնային բեղմնավորման եւ այլ վերարտադրողական տեխնոլոգիաների կարիք ունի, սակայն ծրագրի շրջանակներում տարվա մեջ կարելի է օգնել միայն մի քանի տասնյակ կնոջ: Թե ինչ սկզբունքներով պետք է ընտրվեն այդ կանայք՝ հայտնի չէ, նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարությունը որոշել է չեղարկել անպտուղ ընտանիքներին վերարտադրողական օգնության ծրագիրը, ինչի մասին հոկտեմբերի 19-ին խորհրդարանի սոցիալական հարցերի եւ առողջապահության հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:






