2017 թվականին Բավարիայում գրանցվել է Զիկա վիրուսով վարակվելու 15 դեպք: Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, չնայած արեւադարձային երկրներում Զիկայի համաճարակի ժամանակավոր անկմանը, շարունակվում են գրանցվել այս վիրուսով վարակման դեպքեր, այդ թվում՝ նաեւ Եվրոպայի երկրներում:
Բոլոր վարակվածները արեւադարձային երկրներ են այցելել՝ Կուբա, Կյուրասաո, Բարբադոս եւ Մեքսիկա: Հայտնի չէ՝ արդյոք որեւէ մեկն այս վիրուսով վարակվե՞լ է հենց Բավարիայում:
Բավարիայի առողջապահության նախարար Մելանի Հյումլը կոչ է արել չթուլանալ եւ զգոնություն պահպանել: Նա հղի կանանց խորհուրդ չի տվել ռիսկային երկրներ այցելել, ինչպես նաեւ նրանց, ովքեր ծրագրել են առաջիկա ամիսներին հղիանալ:
Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակների խայթոցի միջոցով (ինչպես նաեւ սեռական ճանապարհով) եւ բնութագրվում է բարորակ ընթացք ունեցող տենդով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի փոքրագլխություն է առաջացնում՝ ուղեղի հնարավոր ծանր ախտահարմամբ: Բրազիլիայում գրանցվել է փոքրագլխությամբ երեխաների ծնվելու մի քանի հազար դեպք, որոնք զուգակցվում են Զիկա վիրուսի հետ:
Համարվում է, որ Զիկա վիրուսը կարող է փոքրացնել նաեւ ամորձիները ու դառնալ տղամարդու անպտղության պատճառ:






