ՀՀ Ազգային ժողովում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստման հարցով քննարկումները շատ օգտակար էին, սակայն քննարկման ընթացքում տպավորություն ստեղծվեց, որ գարդասիլով պատվաստելուն կողմ հանդես եկող բոլորը լավն են եւ ճիշտ, իսկ դեմ հանդես եկողները՝ վատ եւ բացարձակապես սխալ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը, ով նույնպես քննարկմանը հրավիրված էր:
Նրա խոսքով՝ տպավորություն էր, թե քաղաքական բանավեճ է, եւ ընդդիմությունը վիճում է իշխանությունների հետ: Բժշկի կարծիքով՝ չի կարելի այս կարգի բանավեճեր անցկացնել, երբ խոսքը վերաբերում է երեխաների առողջությանը:
«Այս պատճառով ես ներկաներին հարցրեցի՝ եթե դուք պնդում եք, որ դա այդքան լավն է, ձեզանից ո՞վ է այս ընթացքում իր երեխաներին կամ ազգականների երեխաներին գարդասիլով պատվաստել: Միայն 2 մարդ արձագանքեց, երկուսն էլ Առողջապահության նախարարության աշխատակիցներ էին»,- ասաց նա:
Բժշկի խոսքով՝ դրանից բացի, հարց է ծագում՝ ՄՊՎ-ն հավասարապես ախտահարում է նաեւ տղամարդկանց, այդ դեպքում ինչո՞ւ է որոշվել միայն աղջիկներին պատվաստել: «Չէ՞ որ տղաներն ավելի վաղ են սկսում սեռական կյանք վարել: Ուրեմն՝ եկեք տղաներին նույնպես սկսենք պատվաստել: Քանի որ եթե տղան հիվանդ մնա, ապա նրա զուգընկերուհու մոտ կարող է կրկնավարակում տեղի ունենալ»,- ասաց նա:
Գարիկ Աղաբեկյանի կարծիքով՝ ԱՆ-ն չպետք է այսպես հընթացս ներդներ գարդասիլով պատվաստումը, անհրաժեշտ էր նախ մանրամասն ծանոթանալ համաշխարհային փորձին եւ հասկանալ՝ ինչու են որոշ երկրներում, օրինակ՝ Ղազախստանում, պատվաստումից հրաժարվել: Ինչո՞ւ են ամերիկյան որոշ նահանգներում, Գերմանիայում գարդասիլից հրաժարվել: «Մենք ձգտում ենք ԵՄ-ին, զարգացած երկրներին ինտեգրվել, ուրեմն՝ հարկավոր էր այս երկրների փորձը դիտարկել»,- ասաց նա: Բժիշկը նաեւ նշեց, որ լրատվամիջոցներում ու համացանցում գարդասիլի մասին ավելի մեծ թիվ են կազմում բացասական, քան դրական հրապարակումները: Նա հավելեց, որ Ռուսաստանի գլխավոր մանկաբույժն իսկապես առաջարկել է պապիլոմավիրուսային ինֆեկցիաների դեմ պատվաստումները պարտադիր դարձնել, բայց նա միաժամանակ նաեւ ասել է, որ «չկա այդքան շատ բացասական արձագանքներ ստացած պատվաստանյութ, քան գարդասիլը»:
Գարիկ Աղաբեկանը համաձայն չէ մի շարք մասնագետների այն կարծիքին, որոնք խորհրդարանում քննարկման ժամանակ նախազգուշացրել են, որ գարդասիլի դեմ արշավը Հայաստանում հակապատվաստումային շարժման սկիզբն է, որը մեզ մոտ նախկինում չի եղել: Նա նշեց, որ պատվաստումը ճիշտ բան է, եւ անձամբ ինքը իր երեխաներին օրացույցով պատվաստել է, այդպես են վարվում նաեւ իր շրջապատում բոլորը: «Ես պատվաստումներին դեմ չեմ, եւ ոչ ոք էլ դեմ չէ: Եթե քաղցկեղի դեմ պատվաստանյութ կա, դա ուղղակի հրաշք է, որքան էլ այն թանկարժեք լինի, մարդիկ իրենք դրա համար կվճարեն: Մարդիկ քաղցկեղի բուժման համար հազարավոր դոլար են ծախսում, բուժման համար վարկ են վերցնում, այնպես որ՝ այդպիսի պատվաստանյութի համար կվճարեն թե՛ 100, թե՛ 1000 դոլար: Սակայն ո՞ւր է այն բանի ապացույցը, որ գարդասիլը քաղցկեղից պաշտպանում է»,- ասաց նա:
Գարիկ Աղաբեկյանը հիշեցրեց, որ արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ զարգանում է 35 տարեկանից հետո: «Մեզ մոտ ցանկանում են պատվաստել 13 տարեկան աղջիկներին: Այդ դեպքում մեզ ցույց տվեք կլինիկական վիճակագրական տվյալներ այն մասին, որ 20 տարի առաջ կանայք այս պատվաստանյութը ստացել են, եւ այսօր 1000 պատվաստվածներից ոչ մեկը քաղցկեղով չի հիվանդացել: Իսկ 1000 կանանցից, որոնք չեն պատվաստվել, ինչ-որ տոկոս հիվանդացել է: Այդպիսի վիճակագրություն չկա, քանի որ գարդասիլը նոր պատվաստանյութ է»,- ասաց նա:
Բժշկի կասկածն է հարուցում նաեւ պատվաստանյութի արդյունավետությունը, քանի որ այն պաշտպանում է պապիլոմավիրուսի 4 շտամից (ընդ որում դրանցից միայն երկուսն է քաղցկեղ առաջացնում), այն դեպքում, որ պապիլոմավիրուսը 25-ից ավելի շտամ ունի: «Ստացվում է սա շատմների մի մասից է պաշտպանում, մյուս շտամները, հույս ունենանք, կշրջանցեն մեզ: Մենք առանց այն էլ հույսով ենք ապրում, որ մեզ մոտ քաղցկեղ չի լինի, բաց այսօր քաղցկեղով հիվանդացածությունն աճում է»,- ասաց նա:
Նրա կարծիքով՝ անհասկանալի է նաեւ Merc ընկերության գարդասիլ պատվաստանյութի ընտրությունը, քանի որ շուկայում կա նաեւ այլ պատվաստանյութ՝ GlaxoSmithKline ընկերության ցերվարիկսը: Բանն այն է, որ Merc ընկերությունը լուրջ ֆինանսական ճգնաժամ է ապրում, նրա վրա 1 միլիարդ դոլարի տուգանք է դրվել Vioxx ցավազրկող դեղամիջոցի կողմնակի էֆեկտները թաքցնելու համար: «Կարծիք կա, որ ամբողջ աշխարհում գարդասիլը տարածել են դեղագործական ընկերության ֆինանսական վիճակը կարգավորելու համար: Սա ասես բիզնես ծրագիր լինի, այլ ոչ թե հասարակական առողջապահության ծրագիր»,- նշեց նա՝ հավելելով, թե չէր ցանկանա, որ որեւէ երկրի ինչ-որ պաշտոնյա կամ գործարար մտածեր, որ իրեն թույլատրված է «պատվաստանյութի փորձարկման համար Հայաստանի աղջիկներին փորձաճագարների դերում դիտարկել»:
Բժիշկը հիշեցրեց քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին, որ թեականությունը շատ է՝ կապված այս պատվաստանյութի հետ: «Նախարարը կարո՞ղ է երաշխիքներ տալ, որ մեր աղջիկներին ոչինչ չի պատահի: Չի կարող»,- ասաց նա՝ հավելելով, որ բժշկության գլխավոր սկզբունքներից մեկն է՝ մի՛ վնասիր: «Ավելի լավ է չվնասել, քան փորձել օգնել՝ կասկածելով կօգնի, թե ոչ»,- ասաց Գարիկ Աղաբեկյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հիմա ստիպված է կատարել GAVI հիմնադրամի առջեւ ստանձնած իր պարտավորությունները, նորմալ չգնահատելով ռիսկերը: Հիմնադրամը Հայաստանին 178 հազար դոլար է հատկացրել 2017-2018 թվականներին այս ծրագրի իրականացման համար, բայց պայմանով, որ 2019 թվականին երկիրը ինքը կգնի պատվաստանյութը, իսկ դա մեծ փողեր է կազմում: «Ի՞սկ եթե պատվաստանյութն իսկապես բացասաբար ազդի վերարտադրողականության վրա, ինչպես գրականությունն է ասում»,- հարց հնչեցրեց նա:
«Գործնականում մենք այս բոլոր հարցերի վերջնական պատասխանը չունենք: Այս պատճառով առաջարկում եմ, որ ԱՆ աշախատակազմը, տեղական մասնագետները, արտասահմանից հրավիրված մասնագետները այս հարցը նորմալ ուսումնասիրեն, նորմալ եզրակացություն տան, բնակչությանն ապացուցեն, որ գարդասիլը հենց այն նյութն է, որը մեզ պետք է: Սակայն այդպիսի ապացույցներ չկան: Այս պատվաստանյութի մասին մամուլն ավելի շատ բացասական տեղեկություններ է հրապարակում, եւ մեր բոլորի մեջ վախ է սերմանվում, քանի որ խոսքը մեր աղջիկների պատվաստման մասին է, որոնք վաղը պետք է մայր դառնան»,- ասաց նա:
Նա եւս մեկ անգամ հավելեց, որ ամենեւին դեմ չէ պատվաստմանը, որպես այդպիսին, եւ դեմ հանդես չի գալիս քաղցկեղի դեմ պատվաստմանը, սակայն գարդասիլի դեպքում վերջնական ապացույցներ չկան, որ սա քաղցկեղի դեմ պատվաստանյութ է, եւ ռիսկերն էլ մինչեւ վերջ հաշվարկված չեն:





