Հիվանդներից եւ նույնիսկ բուժաշխատողներից շատերը բավարար տեղեկացված չեն այն մասին, թե պոլիկլինիկաներում մատուցվող որ ծառայություններն են անվճար եւ որոնք են վճարովի: Հիվանդների եւ բուժաշխատողների իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկատվությունը նույնպես շատ քիչ է: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Օրենքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Վիոլետա Զոպունյանը:
Ըստ փորձագետի՝ Transparancy International-ի, USAID-ի եւ «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախաձեռնությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ հիվանդներ տեղյակ չեն, թե պոլիկլինիկաների մատուցած որ ծառայություններն են անճար, որոնք են վճարովի եւ որոնց դեպքում է գործում համավճարի սկզբունքը: Դա զարմանալի չէ. թեեւ այս ամենը կարգավորվում է օրենքով, երբեմն նույնիսկ մասնագետներին է դժվար հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, իսկ երկրում ոչինչ չի արվում բնակչության շրջանում անվճար եւ վճարովի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման համար:
Ուսումնասիրության շրջանակներում անցկացված հարցման համաձայն՝ հիվանդների 54%-ը կարծում է, որ պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունները եւ թերապեւտի՝ տուն կանչը անվճար են, հարցվածների 22.7%-ը կարծում է, որ այդ ծառայությունները «մասամբ են վճարովի», 4.3%՝ որ այդ ծառայությունները լիովին վճարովի են, իսկ մնացած 19% -ը խոստովանել է, որ ընդհանրապես ոչինչ չգիտի վճարովի եւ անվճար ծառայությունների մասին:
Հարցվածների 84% -ը չի վճարել պոլիկլինիկաներում ծառայությունների եւ թերապեւտի կանչի համար, իսկ մնացած 16%-ը, ինչպես պարզվել է, վճարել է խորհրդատվության (1000-5000 դրամ), տուն կանչի (1000-5000 դրամ) եւ դեղատոմսի տրամադրման (2000-8000 դրամ) համար: Շատ դեպքերում, սակայն, նշված մարդիկ վճարել են բուժաշխատողներին սեփական նախաձեռնությամբ, իսկ բուժաշխատողները հազվադեպ են գումար պահանջել (դեպքերի միայն 4%-ը): Պոլիկլինիկաներում մարդիկ հիմնականում վճարել են տարբեր բժշկական ընթացակարգերի (1000-5000 դրամ), ախտորոշման (1000-8000 դրամ), խորհրդատվությունների եւ հետազոտությունների համար (1000-10 000): Միեւնույն ժամանակ, 64% դեպքերում նրանք վճարել են բուժաշխատողների պահանջով, իսկ 36% դեպքերում՝ սեփական ցանկությամբ՝ ավելի որակյալ ծառայություններ ստանալու ակնկալիքով:






