Բջջանյութը, որով հարուստ են լոբազգիները, միրգը, բանջարեղենը եւ հատիկավոր բույսերը, առողջ սննդակարգի կարեւոր բաղադրիչն է. սննդակարգում դրա բավարար քանակությունը կարող է պաշտպանել 2-րդ տիպի դիաբետից եւ աղիների բորբոքային հիվանդություններից: Այս մասին հայտնում են Գյոթեբորգի համալսարանի գտնականները:

Նրանց խոսքով՝ ճարպերի, շաքարի մեծ եւ բջջանյութի քիչ պարունակությամբ արեւմտյան սննդակարգը մեծացնում է աղիների բորբոքային հիվանդությունների, գիրանալու եւ դիաբետի հավանականությունը:

Գիտնականները հետազոտություններ են կատարել մկների վրա, որի ընթացքում փորձակենդանիներին կերակրել են բջջանյութի քիչ պարունակությամբ մթերքներով: Ընդամենը 3-7 օր բջջանյութի քիչ պարունակությամբ սննդակարգին հետեւելուց հետո առաջին հետազոտության կրծողների մոտ առաջացել են խթաղիի պաշտպանական լորձաթաղանթի խնդիրներ. այն ավելի խոցելի է դարձել, ու բակտերիաները կարողացել են դրա միջով թափանցել:

Երկրորդ հետազոտության մկների մոտ, որոնց կերակրել են բջջանյութի քիչ պարունակությամբ մթերքներով, խթաղին նկատելիորեն բարակել է: Դրանից բացի, նրանց աղիներում նկատվել է անառողջ բակտերիալ անհավասարակշռություն: Մասնագետների խոսքով՝ նշված փոփոխությունները նպաստում են գիրանալուն, աղիների բորբոքային հիվանդությունների եւ դիաբետի զարգացմանը: