ԱՄՆ-ում առաջին անգամ հավանության է արժանացել աչքի ժառանգական ծանր հիվանդությունների բուժման գենային թերապիայի մեթոդը: Այնուամենայնիվ, թերապիայի գինը շատ բարձր է ` երկու աչքերի համար` 850 հազար դոլար է կազմում: Սա այսօր աշխարհում ամենաթանկ գինն է, հաղորդում է AP-ն: Այն գերազանցել է ԱՄՆ-ում հաստատված արյան քաղցկեղի գենային թերապիայի երկու այլ մեթոդների արժեքը, որոնք կազմում են 373 հազար եւ 475 հազար դոլար:
Աչքի հիվանդությունների բուժման նոր դեղամիջոցը՝ Luxturna-ն մշակվել է Spark Therapeutics-ի կողմից, որի կենտրոնակայանը գտնվում է Ֆիլադելֆիայում: Այս մեթոդը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր տառապում են Լեբերի ամավրոզով, որը առաջանում է RPE65 գենի խախտման պատճառով՝ դրա արդյունքում չի արտադրվում աչքի ցանցաթաղանքի գործառնության համար անհրաժեշտ պրոտեինը։
Մեթոդը ներառում է հիվանդի աչքի մեջ ձեւափոխված վիրուս պարունակող շիճուկի ներարկում: Մեթոդի կիրառումը տեւում է մոտ 45 րոպե: Այս եղանակը կիրառելի չէ բոլոր հիվանդների համար առանց բացառության, սակայն ընկերության կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսողության բարելավումը տեղի է ունենում մոտ մեկ ամիս անց:
Կուրություն ունեցող 20 հիվանդներ փորձնական բուժում են անցել, որից հետո նրանցից 18-ը հաջողությամբ ինքնուրույն հաղթահարել են լաբիրինթոսը, իսկ նրանցից 13-ը դա արել է թույլ լուսավորության ներքո:
Երկու հիվանդների դեպքում, որոնց մոտ բարելավում չէր նկատվել, հնարավոր է դանդաղել է աչքի ցանցաթաղանքի աշխատանքը, սակայն պետք է նշել, որ նրանցից մեկի մոտ դադարել է տեսողության վատթարացման գործընթացը, մյուսի մոտ դրական փոփոխություններ են ի հայտ եկել։
ԱՄՆ-ում դեղերի գներն ինչ-որ կերպ չեն կարգավորվում, այդ պատճառով արտադրող ընկերությունները կարող են կամայական գներ սահմանել, ինչպես ցանկացած այլ արդյունաբերական ընկերություններ, նշում է AP-ն:
«Մենք ենթադրում ենք, որ այս գինը արտացոլում է ոչ միայն բեկումնային, կյանքի արժեքը ակնթարթորեն փոփոխող Luxturna-ն, այլեւ թույլ է տալիս մեզ շարունակել ներդրումներ կատարել հեղափոխական գիտության մեջ»,-Bloomberg-ին հայտնել է ընկերության ղեկավար Ջեֆ Մարացոն։
Bloomberg-ը նշում է, որ դեղագործական շուկայում իրական հաջողությունը մեծապես կախված կլինի, թե Spark-ը ինչպիսի հարաբերություններ կկառուցի ապահովագրական ընկերությունների հետ։
Spark-ը դեռ չի բացահայտել, թե քանի հաճախորդ է պատրաստ վճարել թերապիայի համար: Պարզ չէ նաեւ, թե արդյոք ապահովագրական ընկերությունները կամ պետությունը պատրաստ են վճարել աշխարհի ամենաթանկ թերապիայի համար: Ընկերությունը, սակայն, պնդում է, որ դեղագործական ոլորտի համար վճարման ոչ բնութագրական տարբերակներ կառաջարկի՝ մարումներով վճարումներ, ինչպես նաեւ ծախսերի փոխհատուցում, եթե թերապիան անցած պացիենտի տեսողության լավացում չի նկատվում։






