Մարդկանցից շատերն իրենց խոստանում են հաջորդ երկուշաբթիից կամ հաջորդ ամսվա 1-ից նոր կանք սկսել: Չարժի այդպես անել, պնդում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Նրա խոսքով՝ «նոր կյանք» պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ մարդն իսկապես դրան պատրաստ է:

«Մարդը կարող է ցանկացած պահի նոր կյանք սկսել, ոչ միայն հունվարի 1-ին, այլ նաեւ հուլիսի 27-ին, եթե դրան հոգեբանորեն պատրաստ է, եւ եթե դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները»,- նշեց նա:

Հոգեբանի խոսքով՝ վնասակար սովորություններից հրաժարվել ցանկացող մարդիկ նույնպես հաճախ են որոշում ամսի 1-ից իրենց կյանքը փոխել եւ դադարել, օրինակ, ծխել կամ խմել: Սակայն քչերին է իսկապես հաջողվում դա անել: Ամբողջ հարցն այն է, որ կյանքում համանման փոփոխությունների համար միայն ցանկությունը, որպես կանոն, բավարար չէ:

Վնասակար սովորությունից իսկապես մեկընդմիշտ ազատվելու համար մարդը, հոգեբանի խոսքով, պետք է ճիշտ գնահատի ինչպես արտաքին գործոնները, այնպես էլ իր ուժերը, ու իր առջեւ իրականանալի, համարժեք խնդիրներ դնի: Նա նաեւ պետք է հստակ հասկանա, թե իրեն հատկապես ինչ է սպասվում, եւ ինքն ինչպես կկարողանա հաղթահարել իր ճանապարհին հայտնված դժվարությունները:

Առանց այս ամենի՝ «նոր կյանք սկսելու» ցանկացած փորձ, հոգեբանի խոսքով, միայն հիասթափությունների կբերի: