Շատ հազվադեպ է պատահում, որ կիստան վերածվի չարորակ ուռուցքի։ Ավելի հաճախ՝ մոտ 90 տոկոս դեպքերում, չարորակ ուռուցքը կարող է «խաբել» եւ որպես կիստա «երեւալ»։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց օնկոլոգ Արմեն Մխիթարյանը։

«Սոնոգրաֆիայով նայելիս կարող է թվալ, որ դա կիստա է, բայց իրականում կարող է չարորակ ուռուցք լինել, որը ուղղակի մի տեղ կիստա է առաջացրել։ Սոնոգրաֆիայի հետազոտությունով միանշանակ չի կարելի ասել, թե դա չարորակ կամ բարորակ ուռուցք է, հետեւաբար արձանագրվում է միայն կիստայի առկայությունը կամ բացակայությունը», - ասաց օնկոլոգը։

Կիստայի եւ չարորակ ուռուցքի տարբերությունը հասկանալու համար փորձենք նախեւառաջ պարզել, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Ինչպես պարզաբանեց օնկոլոգը, կիստան խոռոչ է՝ լցված ինչ-որ նյութով։ Այն կարող է գոյանալ ինչպես որեւէ օրգանի մեջ (վահանաձեւ գեղձում, ձվարանում, գլխուղեղում, կամ նույնիսկ փափուկ հյուսվածքներում), այնպես էլ չարօրակ ուռուցքի մեջ։ Այսինքն, չարորակ ուռուցքի մեջ կարող է կիստոզ գոյացություն լինել, բայց կիստայի պարունակության մեջ կարող է ուռուցք չլինել։

Չարորակ ուռուցքը պաթոլոգիկ գոյացություն է, որը սովորաբար գոյանում է բջիջների անկառավարելի աճի հետեւանքով։ Ինչպես եւ կիստան, այն կարող է գոյանալ ցանկացած հյուսվածքներում եւ օրգաններում, բայց, ի տարբերություն կիստայի, ուռուցքը կործանում է մոտակա հյուսվածքները եւ կարող է տարածվել այլ օրգաններով։

Այսպիսով, կիստան եւ չարորակ ուռուցքը տարբեր գոյացություններ են, եւ սովորաբար մեկը մյուսին վերածվել չի կարող։ Բայց քանի որ հնարավոր է սխալ դիագնոստիկա, մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած բուժում սկսելուց առաջ լավ հետազոտվել, քանի որ սխալ ախտորոշման հետեւանքով նշանակված սխալ բուժումը կարող է շատ վատ հետեւանքների հանգեցնել։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Երեւանի զինվորական կլինիկական հոսպիտալում վիրահատել էին 44-ամյա Գեղամ Խաչատրյանի կիստան, որը, ինչպես հետո պարզվեց, իրականում չարորակ ուռուցք էր։ Վիրահատությունից հետո ուռուցքը մեծացել էր եւ տարածվել, եւ հիմա տղամարդը ստիպված է ընդունել թմրանյութեր պարունակող ցավազրկողներ եւ փորձել բուժվել քիմիաթերապիայի միջոցով։

Կիստան իրականում չարորակ ուռուցք էր. Վիրաբույժի սխա՞լ, թե՞ ոչ ճշգրիտ ախտորոշում