Եթե ամբողջ մարմնի համար ոչ բարդ մարզման անհրաժեշտություն ունեք, որը տառացիորեն մի քանի րոպե է պահանջում, ապա ցատկապարանը ձեր լավագույն ընկերն է: Ցատկապարանով վարժությունները մարզում են ձեր մկանները, բայց միեւնույն ժամանակ դրանք թեթեւ են եւ շատ ժամանակ չեն խլում:
Ինչպես նշել է University of Connecticut Health Centre-ից Պիտեր Շուլմանը, ցատկապարանով ցատկերը օգտակար են սրտի համար, նաեւ ամրացնում են ամբողջ մարմինը, կարճ ժամակահատվածում շատ կալորիաներ են այրում:
Կամավորներին 6 շաբաթ հետեւելուց հետո պարզվել է, որ օրական մեկ անգամ ցատկապարանով 10-րոպեանոց մարզումներն ավելի արդյունավետ են, քան 30 րոպե վազելը: Փորձի մասնակիցների մոտ զգալիորեն լավացել է սիրտ-անոթային համակարգի առողջության վիճակը: Հետազոտողների խոսքով՝ ցատկապարանով մարզումները ավելի օգտակար են, քան թիավարումն ու լողը: Դրանք թույլ են տալիս ավելի շատ կալորիաներ այրել եւ ուղղված են գործնականում մկանների բոլոր խմբերին:






