Հակաքաղցկեղային պատվաստանյութը, որը ստիպում է օրգանիզմին ոչնչացնել ուռուցքները ամենուրեք, որտեղ էլ դրանք հայտնվեն, փորձարկվելու է մարդկանց վրա։ Սթենֆորդի համալսարանի գիտնականները, որոնք աշխատում են այդ պատվաստանյութի վրա, հավաստիացնում են, որ ընդամենը մեկ ներարկումը բավական կլինի օրգանիզմում պաշտպանական ռեակցիայի զարգացման ու ցանկացած չարորակ բջիջների վրա գրոհելու համար։ Պատվաստանյութն իրենից ներկայացնում է երկու դեղամիջոցների կոմբինացիա, այն ակտիվացնում է իմունային համակարգը՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար։

Դեղամիջոցների գործողության հիմքում T բջիջների ակտիվացումն է ԴՆԹ հատվածի (CpG-օլիգոնուկլեոտիդի) ու հատուկ հակամարմնի օգնությամբ։ Այդ դեղորայքի ներարկումները ուռուցքի հատված ակտիվացնում են իմունային համակարգն այնպես, որ ոչ միայն ներարկման տեղում է ոչնչանում ուռուցքը, այլեւ ամբողջ օրգանիզմում՝ բոլոր չարորակ բջիջները։

Մկների վրա փորձերի ժամանակ հաջողվել է դրական արդյունքների հասնել քաղցկեղի մի քանի տեսակների բուժման ժամանակ։ Հիմա ծրագրում են մոտ ժամանակներս սկսել դեղամիջոցի կլինիկական փորձարկումները՝ լիմֆոմայով 15 հիվանդների մասնակցությամբ։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ քանի որ դեղորայքի ներարկումը տեղայնացված է, ապա պատվաստանյութը մատչելի գին կունենա ու ավելի սակավաթիվ կողմնակի էֆեկտներ, քան իմունային համակարգի խթանման մյուս դեղամիջոցները։ Երկու գործող նյութերի համադրումը ավելորդ է դարձնում յոււրաքանչյուր ուռուցքի համար սպեցիֆիկ իմունային թիրախների հստակեցումը։ Անհրաժեշտ չի լինի նաեւ ամբողջովին ակտիվացնել իմունային համակարգը կամ վերակարգավորել մարդու իմունային բջիջները։ Պատվաստանյութը ստեղծողների խոսքով՝ այն կարող է արդյունավետ լինել չարորակ նորագոյացությունների բազմաթիվ տարատեսակների դեմ պայքարում։ Սա եւս մեկ քայլ է իմունաթերապիայի զարգացման գործում։ Գիտությունն արդեն մշակել է մարդու իմունիտետի խթանման մեթոդաբանություն , որը թույլ է տալիս ներգործել մարմնի որոշակի գոտիների վրա, զրկելով քաղցկեղին տարածման հնարավորությունից։ Որոշ դեպքերում իմունային բջիջները հեռացվում են հիվանդի օրգանիզմից գենետիկ մշակման համար։ Տվյալ մեթոդաբանությունները լավ արդյունավետություն են ցույց տվել, բայց դրանք շատ բարդ են, տեւական ու մի շարք ծանր կողմնակի էֆեկտներ ունեն։