Գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը: Ձմռան մոտեցման հետ բժիշկներն ու բուժաշխատողները մարդկանց  խրախուսում են պատվաստվել գրիպի դեմ:  Նոր հետազոտությունների համաձայն այս ամենամյա միջոցառումը հատկապես անհրաժեշտ է  նախկինում արդեն սրտային հիվանդություններ ունեցած  կամ սրտի հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց: The Journal of the American Medical Association –ում (JAMA) հրատարակված նոր հետազոտությունը բացահայտել է, որ գրիպի դեմ պատվաստված մարդկանց մոտ սրտի իշեմիկ հիվանդությունների, նույնիսկ ինֆարկտների եւ ինսուլտների առաջացման ռիսկը ավելի ցածր է ի տարբերություն նրանց, ովքեր չեն ստացել այդ պատվաստումը:

«Հետազոտությունը կարեւոր է նրանով, որ հերթական անգամ հաստատում է գրիպի դեմ պատվաստումների առավելությունը,- ասաց բժիշկ Դեիվիդ Ֆրիդը՝ Օհայո նահանգի Քլիվլենդի հիվանդանոցի պրոֆիլակտիկ սրտաբանության խմբի սրտաբանը,- դա նվազեցնում է գրիպի ժամանակ սրտային բարդությունների առաջացման հավանականությունը»:

Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցեցին միջինում 67 տարեկան 6000-ից ավել հիվանդ, որոնցից մեկ երրորդից ավելին ունեին որեւէ սրտային խնդիր: Գրիպի դեմ պատվաստված մարդկանց մոտ  սրտային հիվանդությունների ռիսկը հետագա  ութ ամսիների ընթացքում կազմեց 2,9 % : Մինչդեռ պլացեբո ստացած, չվակցինացված հիվանդների մոտ այդ ռիկսը կազմեց 4,7 %, տեղեկացնում է Fox News-ը։ Այնուամենայնիվ դրա հետ մեկտեղ Ֆրիդը կարծում է, որ չկա ուղղակի կապ գրիպի վիրուսի եւ սրտի հիվանդության միջեւ:

«Իրականում, եթե սրտի հիվանդություններ ունեցողը, գրիպի՝ վերին շնչառական ուղիների վարակի պատճառով սթրեսի ենթարկվի, դա նրա համար հարված կհանդիսանա, ինչն էլ բնականաբար  կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների».- ասաց նա:

Համաձայն հետազոտության տվյալների, գրիպի դեմ պատվաստում ստացել են 65 տարեկան մարդկանց միայն կեսը: Ավելի ծեր մարդիկ, ում մոտ սրտի հետ խնդիրներն ավելի հաճախակի են, ավելի հաճույքով են պատվաստվում, չնայած նրանց մեկ երրորդը դեռեւս պատվաստված չէ: «Ստացված տվյալնեը հաստատում են այն, ինչ խորհուրդ էր տրվել առողջապահության շատ կազմակերպությունների կողմից,- նշել է Ֆրիդը,- մարդիկ պետք է պատվաստվեն գրիպի դեմ, հատկապես նրանք՝ ովքեր նախատրամադրված են սրտային հիվանդությունների հանդեպ»: