Հակաբեղմնավորիչները Հայաստանում հասանելի եւ մատչելի չեն, կարծում է ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։
«Բոլոր դեղատներում կան տարբեր տեսակի հակաբեղմնավորիչներ, բայց դրանք վաճառվում են կոմերցիոն գներով», - ասաց նա լրագրողների հետ զրույցի ժամանակ, ավելացնելով, որ անապահով մարդիկ սովորաբար չեն կարող իրենց թույլ տալ գնել դրանք։
Ըստ Գարիկ Հայրապետյանի՝ միջին հաշվարկով, միջին վիճակագրական զույգը ամսեկան 1500-2000 դրամ պետք է ծախսի պահպանակներ գնելու համար։ Առաջին հայացքից, այդ թիվը այնքան էլ մեծ չէ, բայց անապահով ընտանիքը, որի ամսեկան եկամուտը մոտ 50-60 000 դրամ է, չի կարող իրեն թույլ տալ պահպանակներ գնել։
Հակաբեղմնավորիչ հաբերը, որոնք անցանկալի հղիությունից խուսափելու բավական անվտանգ միջոց են, շատ ավելի թանկ են, քան պահպանակները, եւ նույնպես հասանելի եւ մատչելի չեն շատ եւ շատ մարդկանց համար։
Միեւնույն ժամանակ, դեղորայքային աբորտի համար նախատեսված միջոցները շատ էժան են եւ, ինչպես նշեց Գարիկ Հայրապետյանը, արժեն մոտավորապես 600 դրամ։ Այդ իսկ պատճառով ցածր եկամուտներ ունեցող մարդկանցից շատերը նախընտրում են չպաշտպանվել սեռական հարաբերությունների ժամանակ, հղիանալ եւ դեղորայքային աբորտ անել, դրանով իսկ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը եւ նվազեցնելով ապագայում երեխա ունենալու հավանականությունը։
«Մարդիկ ամսեկան 2000 դրամ ծախսելու փոխարեն հղիանում են, 3 ամիսը մեկ գնում են այդ դեղերը, որ վիժեն, եւ դրանով իրենց կյանքը վտանգում են, քանի որ դրանց սխալ օգտագործումը կարող է բերել մայրական մահացության», - ասաց Գարիկ Հայրապետյանը։
Համաձայն ՄԱԿ-ի 2009 թվականի հետազոտությանը՝ անպտղությունը Հայաստանում ամենից տարածված է անապահով ընտանիքների շրջանում, եւ հավանաբար դա կապված է հենց այն փաստի հետ, որ այդ ընտանիքները չեն կարող իրենց թույլ տալ գնել հակաբեղմնավորիչներ եւ տնային պայմաններում դեղորայքային աբորտներ են անում, ինչից հետո հաճախ այլեւս չեն կարողանում երեխա ունենալ։
«Պետք է լինեն վայրեր, որտեղ ցանկացողներին հակաբեղմնավորիչները կտրամադրեն անվճար։ 2002 թվականից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանի կառավարության հետ մեկտեղ հիմնադրեց ընտանիքի պլանավորման 75 կենտրոն ամբողջ Հայաստանով, որտեղ մարդկանց տրամադրվում են նաեւ հակաբեղմնավորիչներ։ Բայց դա համակարգված չի արվում, ցավոք սրտի», - ասաց Գարիկ Հայրապետյանը։
Նա նշեց նաեւ, որ այս տարվանից սկսած Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ նոր համակարգ է ներդրվելու, որը հնարավորություն կտա ընտանիքի պլանավորման վերոհիշյալ կենտրոններում անապահով ընտանիքների ներկայացուցիչներին ապահովել հակաբեղմնավորիչ միջոցներով։






