Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նախքան հղիությունը կնոջ պահպանած սննդակարգը կարող է հետագայում ազդել ապագա երեխայի գեների վրա: Եվ ավելին, դա կարող է ազդել երեխայի առողջության վրա նրա հետագա ամբողջ կյանքի ընթացքում:
Առողջության վրա մոր սննդակարգի ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով Լոնդոնյան տրոպիակական բժշկության եւ հիգիենայի դպրոցի պրոֆեսոր Էնդրյու Պրենտիսը հետազոտության համար կանայք է ընտրել արեւմտյան Աֆրիկայի գյուղական վայրերից, որտեղ եղանակներն ազդում են սննդակարգի վրա:
Գամբիայի իր գործընկերների հետ միասին հետազոտողը չափել է մոտ 170 հղի կանանց մոտ տարբեր սննդարար նյութերի կոնցենտրացիան արյան մեջ: Նրանց կեսը հղիացել է անձրեւների եղանակի ժամանակ, իսկ մյուսները՝ չորային սեզոնին: Նա նաեւ մանրակրկիտ հետազոտել է նրանց երեխաների ԴՆԹ-ն լույս աշխարհ գալուց հետո։
Արդյունքները մոր սննդակարգի եւ երեխաների գեների միջեւ հստակ կապ են ցույց տվել: Ընդ որում, կարեւոր է եղել կանանց սննդակարգը անմիջապես հղիությունից առաջ: Խոսքը երեխայի ԴՆԹ-ում վերգենետիկական փոփոխությունների մասին է: Դրանք ոչ թե մուտացիաներ են, այլ գեների ակտիվության վրա ազդող քիմիական փոփոխություններ:
Որոշ փոփոխություններ ժամանակի ընթացքում կարող են անհետանալ, իսկ մյուսները մնում են ամբողջ կյանքի ընթացքում:
Քիմիական փոփոխությունների համար անհրաժեշտ սննդանյութերն իրենց մեջ ներառում են В2, В6 եւ В12 վիտամիններ, ինչպես նաեւ խոլին, մեթիոնին եւ ֆոլաթթու: Այս միացությունների լավ աղբյուրներ են կաթը, կանաչ տերեւավոր բանջարեղենը եւ միսը: Գիտնականը համարում է, որ այսպիսով յուրաքանչյուր կին անհրաժեշտություն ունի սննդանյութերի իսկական խառնուրդի, գրում է The Daily Mail-ը:






