Առավոտյան եւ երեկոյան մեկ բաժակ բալի հյութը կօգնի Ձեզ լավ քնել գիշերը։ Այս եզրակացությանը եկել են ԱՄՆ-ում Լուիզիանայի պետական համալսարանի հետազոտողները։ Իրենց բացահայտումը նրանք ներկայացրել են Ամերիկյան սննդի հարցերով ընկերության տարեկան ժողովի ընթացքում։
Մասնակցելով այս փորձարկմանը՝ մարդիկ (ովքեր, ինչպես եւ սպասվում էր, տառապել են անքնությունով) երկու շաբաթվա ընթացքում՝ ամեն օր, խմել են երկու բաժակ թարմ բալի հյութ եւ 90 րոպե ավելի երկար ու խորն են քնել, քան նախկինում։
Անքնությունը բավական տարածված խնդիր է, որն ազդում է հատկապես 65-ն անց մարդկանց 23-24%-ի վրա։ Երկարատեւ անքնությունը ոմանց պարզապես նյարդայնացնում է, մյուսների մոտ կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ։ Այդ պատճառով անքնությունով տառապող որոշ մարդիկ ստիպված են ընդունել դեղահաբեր։ Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ անքնության դեմ նախատեսված դեղահաբերը կարող են վնասակար եւ վտանգավոր լինել, հատկապես 65-ն անց մարդկանց համար։ Ի տարբերություն այս հաբերի՝ բալի հյութը բավականին անվնաս է։
Ինչպե՞ս կարելի է բացատրել բալի հյութի ազդեցությունը։ Պարզվում է, որ բալի մեջ մեծ քանակությամբ մելատոնին հորմոն կա, որը կարգավորում է քունը։ Հետազոտողները կարծում են, որ բալի հյութի մեջ առկա պրոանտոցիանիդինը՝ կարմիր գունանյութը, նույնպես կարեւոր դեր է կատարում քնի որակը բարելավելու համար։
Տրիպտոֆանի դերը նույնպես չարժե թերագնահատել, քանի որ օրգանիզմում դրա պակասը կարող է հանգեցնել անքնության եւ բորբոքային գործընթացների։ Հեղինակները նշել են, որ չնայած տրիպտոֆան բալի հյութի մեջ շատ ավելի քիչ է, քան քնաբերներում, բալի մեջ առկա նյութերը կանխում են տրիպտոֆանի քայքայումը ՝ նրան ավելի արդյունավետ «աշխատելու» հնարավորություն տալով։
Այսպիսով, եթե Դուք տառապում եք անքնությունով, առավոտյան եւ երեկոյան սկսեք խմել բալի հյութ։ Հնարավոր է, որ այն նույնքան օգտակար լինի, որքան դեղահաբերը։ Բայց մի բան հստակ է, բալի հյութի վնասը շատ ավելի քիչ կլինի, քան հաբերինը։






