Արցախ մեկնեցինք մեր հոգու հանգստության համար, որ արժանի լինեինք այն զինվորներին, որոնք կանգնած էին սահմանին: Որովհետեւ չափման միավորը նրանք էին՝ 18-19 տարեկան մեր որդիները, որոնք կանգնած էին առաջնագծում եւ չէին նահանջում: Այսպես է հիշում 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները «Էրեբունի» ԲԿ վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, որն այն օրերին գործընկերների հետ Արցախում էր:
Նրա համար Արցախում անցկացրած օրերի գլխավոր բացահայտումը հիվանդանոցի երիտասարդ գործընկերներն էին: «Ես՝,որպես ավագ, այնտեղ հետեւում էի գործընկերներիս: Այ իսկապես ում հետ է կարելի հետախուզության գնալ՝ մեր բժիշկների: Թեպետ նրանք չէին տեսել արցախյան առաջին պատերազմը, վիրավորների հետ աշխատելու փորձ չունեին, դա չէր խանգարում նրանց»,- ասում է նա:
Երբ 2016 թվականի ապրիլի 2-ին հայտնի դարձավ Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին, Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից Արցախ մեկնեց բժիշկների խումբ՝ բուժկենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ: Խմբի կազմում էին Անդրանիկ Օհանյանը, անեսթեզիոլոգ Արթուր Հովհաննիսյանը, անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը եւ նեյրովիրաբույժ Վահրամ Համբարձումյանը: Անդրանիկ Օհանյանին ամենաշատը զարմացրել է անեսթեզիոլոգը: Վիրաբույժի խոսքով՝ Էրիկ Բաբայանը, որն առաջին ծանր վիրավորներից էր եւ Ստեփանակերտ էր տեղափոխվել Մարտակերտի հոսպիտալից, ողջ մնաց հենց Արթուր Հովհաննիսյանի շնորհիվ:
«Արթուրն անընդմեջ 3 գիշեր չէր քնել: Ոչ ոք չէր հավատում, որ Էրիկին հնարավոր է փրկել: Նա տեղաշարժման ենթակա չէր, ճնշումը զրոյական էր, երիկամը չկար, անոթները կարված էին: Հոսպիտալային սովորական չափանիշներով՝ նրա վիրավորումները կյանքի հետ անհամատեղելի էին: Սակայն Ստեփանակերտում Արթուրի շնորհիվ հաջողվեց նրա վիճակը կայունացնել, եւ նրան Երեւան տեղափոխեցին՝ «Էրեբունի» ԲԿ»,- պատմում է բժիշկը:
«Բժիշկները նրան հետ բերեցին այն աշխարհից». Լեռնային Ղարաբաղում վիրավորված Էրիկի մայրը
Վիրավոր Էրիկ Բաբայանը եւս մեկ վիրահատության է ենթարկվել
Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Էրիկ Բաբայանն այսօր կատարել է առաջին ինքնուրույն քայլերը
Անդրանիկ Օհանյանի խոսքով՝ երբ Արցախ էին գնում, իրենց թվում էր, թե Ստեփանակերտում խուճապ կլինի: Բայց քաղաքի հրապարակում նրանք տեսան ավագ սերնդի տղամարդկանց, ղարաբաղյան պատերազմի վետերանների, որոնք բողոքում էին, թե իրենց առաջնագիծ չեն ուղարկում:
Վիրավոր զինվորները հենց ուշքի էին գալիս՝ բժիշկներին խնդրում էին վիրակապել եւ զորամաս ուղարկել: «Բժիշկ, տղերքն այնտեղ մենակ են: Դուք վիրակապեք, ես գնամ: Խոստանում եմ, հետո կգամ բուժվելու»,- հիշում է նա երիտասարդ զինվորներից մեկի խոսքերը:
Ապրիլի 4-ին, երբ Մարտակերտում իրավիճակը կրկին սրվեց, «Էրեբունի» ԲԿ բժիշկները մեկնեցին Մարտակերտի հոսպիտալ: «Ուժեղ գնդակոծություն էր: Միքայել Մանուկյանն ինքն էր վիրավորներին տեսակավորում: Բոլորին, ովքեր վիրահատության կարիք ունեին, տեղում էին վիրահատում, եւ միայն հետո Ստեփանակերտ ուղարկում: Այնտեղ էր նաեւ Ստեփանակերտից վիրաբույժ Սամվել Գեւորգյանը: Նա փորձ ուներ դեռեւս ղարաբաղյան պատերազմից, նրա մասին լեգենդներ էին պատմում»,- հիշում է երեւանցի բժիշկը:
Ապրիլի 5-ին «Էրեբունի» ԲԿ բժիշկների խումբը մեկնում է Հադրութի հոսպիտալ: Բժիշկն առանձնահատուկ հիշում է վիրավորումների համակցված, զուգակցված լինելը. մեկ զինվորը կարող էր վիրավորված լինել վերջույթներից, գլխից եւ որովայնից, որոնք առաջացել էին ազդեցության տարբեր միջոցներով: Աշխատում էին կոնվեյերային համակարգով՝ մի բժիշկը կարում էր ոտքի անոթները, մյուսը վիրահատում էր որովայնի խոռոչը, երրորդը՝ թոքերը:
Բժշկի խոսքով՝ իրենք ծանոթ չէին նման վիրավորումների բուժման մեթոդին. նման բան չէր եղել ղարաբաղյան պատերազմի ժամանակ: «Սրանք զենքի միանգամայն նոր տեսակներ էին, վիրավորումների նոր տեսակներ: Այս ամենն անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել՝ իմանալու համար, թե ինչ հաջորդականությամբ է պետք օգնություն ցուցաբերել»,- ասում է նա՝ հավելելով, որ այդուհանդերձ, բժիշկներին հաջողվել է վիրավորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել. հոսպիտալային կորուստները շատ քիչ էին:
«Բուժանձնակազմը գիշեր ու զօր, առանց հանգստանալու աշխատում էր: Եվ մենք այս ամենն անում էինք, որ արժանի լինենք առաջնագծի զինվորներին, մեր երեխաներին, որոնք չէին նահանջում»,- ասում է նա:






