Մարտակերտում կրակահերթերը մշտապես են լսելի. Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գիծը քաղաքի մերձակայքով է անցնում: Մարդիկ արդեն սովորել են ըստ ձայնի որոշել կիրառվող զինատեսակը: Սակայն 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը ռմբակոծությունը սովորական չէր:
Մարտակերտի հոսպիտալի պետ, փոխգնդապետ (այն ժամանակ մայոր) Խորեն Ազարյանը գործերով Երեւանում էր: Նրա 2 տեղակալները կրակոցների ձայներից կռահելով, որ մարտական ծավալուն գործողություններ են ընթանում, առավոտյան ժամը 4-ին ամբողջ բուժանձնակազմին հավաքել են: Շենքի վրայի դրոշն իջեցրել են, քողարկում կատարել: Առաջին վիրավորներին ընդունել են արդեն ժամը 7-ի սահմաններում:

«Այսպիսի իրավիճակում ամենադժվարը խուճապի չմատնվելն է: Մենք բոլորս դիրքերում ընկերներ եւ ազգականներ ունեինք: Հատկապես դժվար էր կանանց համար, որոնց ամուսինները եւ որդիները առաջնագծում էին: Բայց մեզ հաջողվեց աշխատանքը կազմակերպել: Արդյունքում փրկված կյանքեր ունեցանք, եւ սա մեզ համար ամենալավ պարգեւն է»,- ասում է Խորեն Ազարյանը:
Նա Մարտակերտ հասավ ապրիլի 2-ի կեսօրին: Այդ ժամանակ արդեն կազմավորվել էին դիքերից վիրավորներին բերելու արագ արձագանքման խմբերը: Չորս օրվա ընթացքում հոսպիտալը ընդհանուր 150 վիրավորի է ընդունել:

Հոսպիտալի պետը համաձայն չէ «քառօրյա պատերազմ» ձեւակերպմանը: Նրա խոսքով՝ 1994 թվականից հետո պատերազմը չի դադարել: «Եթե մենք մշտապես վիրավորների ենք ընդունում, ուրեմն պատերազմը չի դադարել: Սա ալիք էր, ակտիվ փուլ, հետո հանդարտվեց, բայց վաղը կարող է ուրիշ ալիք լինել, եւ մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք»,- ասում է նա:

Ծանր վիրավորներ ունեինք, նույնիսկ անհուսալի, բայց նրանք այդ վիճակից դուրս եկան: Խորեն Ազարյանը չի կարող ասել՝ սա Աստծո նախախնամությո՞ւնն էր, թե՞ անձնակազմի պատրաստ լինելը: Ռազմական բժշկության մեջ մեծ թվով վիրավորների դեպքում այսպիսի կանոն է գործում՝ բժիշկները զբաղվում են միայն նրանցով, ում կյանքը հնարավո է փրկել: Սակայն Մարտակերտի հոսպիտալում բժիշկները պայքարել են բոլորի կյանքի պահպանման համար, նույնիսկ այնպիսի անհուսալի վիրավորների, ինչպիսին էին Էրիկ Բաբայանը, Վալերի Մեհրաբյանը, ավելի ուշ Հովհաննես Պողոսյանը: Այսօր այս տղաները ողջ են, եւ սա ռազմական բժիշկները իրենց համար բարձրագույն պարգեւ են համարում:

Խորեն Ազարյանն արդեն չի հիշում, թե քանի ժամ են առանց քնի եւ սնունդի անցկացրել: Միայն հիշում է, որ ընկերներից մեկի կինն այդ ժամանակ հոսպիտալ եկավ օգնելու ինչով կարող է: Մի ամբողջ կաթսա ձվով հաց էր պատրաստել, դրել ատամնաբուժական կաբինետում, որը վիրահատարան տանող միջանցքի կողքին է: Հենց բուժանձնակազմից մեկը կողքից անցնում էր, կանգնեցնում էր եւ ստիպում ուտել: Այն համտեսելուց հետո նոր միայն հասկացա, թե ինչքան սոված էի, պատմում է Խորեն Ազարյանը: Դրանից առաջ ոչ մեկը սնունդի մասին չէր էլ մտածում:

Խոսելով այն մասին, թե այն ողբերգական օրերն իրենք ինչ սովորեցրին, Խորեն Ազարյանը նշում է՝ կոլեկտիվը պետք է համախմբված լինի, ինչպես բռունցքը, եւ հրամանատարի հրամանը չպետք է քննարկվի: «Փոքր համախմբված կոլեկտիվը կարող է վիթխարի գործ կատարել»,- հավելում է նա:
Վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, մայոր Արման Մուրադյանը ասում է, որ իրենց համար սովորական պրակտիկա է հրազենային վիրավորումը, ականային վնասվածքները: Ռազմական բժիշկներն այս ամենը նախկինում էլ են տեսել, սակայն վիրավորների այսպիսի մեծ հոսք նախկինում երբեք չէր եղել:
«Մենք առավելագույնը մեկ ժամ էինք քնում, մնացած ամբողջ ժամանակ կամ վիրահատարանում էինք, կամ առաջավոր գծում: Մենք ինքներս էինք վիրավորների ետեւից գնում»,- հիշում է նա:
Առաջին վիրավորներին՝ Էրիկ Բաբայանին եւ Հովսեփ Կիրակոսյանին, առավոտյան ժամը 7-ին ընդունեցին: Բժիշկներին չհաջողվեց Հովսեփ Կիրակոսյանի կյանքը փրկել: Էրիկի շանսերը եւս փոքր էին՝ ծանր պոլիտրավմա, երիկամի, փայծաղի, աղիների, ստամոքսի եւ կոնքազդրային հոդի վնասմամբ: Բայց բժիշկները շանսի մասին չէին մտածում, նրանք պարզապես գործում էին՝ հեռացրին փայծաղը, աջ երիկամը, կարեցին աղիները: Եվ ուղարկեցին Ստեփանակերտ, իսկ հետո նրան Երեւան տեղափոխեցին:
Վիրաբույժը պարզաբանեց, որ ըստ ռազմական բժշկության կանոնների՝ իրենք շատերին իրենց մոտ չպետք է վիրահատեին: Իրենց խնդիրը վիճակը կայունացնելն էր եւ հետո տեղափոխելը: Բայց բժիշկները հասկանում էին, որ այդպես իրենք ավելի շատ կորուստներ կունենան: Որոշում ընդունվեց Ստեփանակերտից օգնության կանչել բժիշկների:

«Եկավ վիրաբույժ Սամվել Գեւորգյանը, եկան վնասվածքաբաններ, անոթային վիրաբույժներ: Մենք վիրահատական 2 սեղան ունեինք, այդ ժամանակ եւս երկուսն ավելացրինք, եւ դրանք մշտապես զբաղված էին: Մենք որպես վիրահատարան էինք օգտագործում վիրակապարանը, իսկ թեթեւ միջամտությունները կատարում էինք ուղղակի ընդունարանում: Բայց, միեւնույն է, տեղը չէր բավականացնում՝ թեթեւ վիրավորներին Մարտակերտի քաղաքացիական հիվանդանոց էինք ուղարկում, իսկ ում հնարավոր էր շտապ օգնության մեքենայով տեղափոխել՝ Ստեփանակերտ էինք ուղարկում»,- պատմում է նա:

Արման Մուրադյանի խոսքով՝ վիրավորների ամենամեծ հոսքն ապրիլի 3-ին էր: Այդ օրը նրանց օգնել է Երեւանից՝ «Էրեբունի» ԲԿ-ից ժամանած բուժանձնակազմը:
Վիրաբույժը հիշում է, որ երբ բժիշկները գնում էին վիրավորների հետեւից, հակառակորդի կրակահերթերի եւ մեր «Գրադ»-երի պատասխան կրակի տակ էին: Մատաղիսում անօդաչու սարքը պահեստը ռմբակոծել է բուժաշխատողների աչքի առջեւ: Եվս մեկ անօդաչու էլ պտտվել է հոսպիտալի շենքի վերեւում: Հոսպիտալը լուսաքողարկել են. Մարտակերտում ոչ միայն զինվորականները, այլեւ քաղաքացիական անձինք լավ գիտեն, թե ինչ է դա: Բուժանձնակազմը նկուղում էր քնում, այստեղ էին նաեւ նրանց ընտանիքները՝ կանայք ու երեխաները: Ապրիլի 2-ի երեկոյան, երբ Մուրադյանին փոխարինելու է գալիս Ստեփանակերտից ժամանած բժիշկների բրիգադը, նա կնոջն ու երեխաներին Ստեփանակերտ է տանում, որտեղ ավելի անվտանգ էր: Նրա կինն այդ ժամանակ հղի էր. նրանց երրորդ երեխան՝ տղա, մայիսին է ծնվել:
«Մեզ համար այդ պահին դա մեծ սթրես էր. մենք վերեւում վիրահատում էինք, իսկ մեր ընտանիքները նկուղում էին: Իմ կինը չէր ուզում մենակ թողնել ինձ եւ հեռանալ, դժվարությամբ համոզեցինք»,- հիշում է հինա արդեն երեք երեխաների հայրը:
Վիրաբույժ, լեյտենանտ Դավիթ Մարգարյանը հիշում է, որ առաջին վիրավորներին՝ Էրիկ Բաբայանին եւ Հովսեփ Կիրակոսյանին, Մատաղիսի սանմասից վերցրեցին: Մեծ քանակությամբ արյուն կորցնելով՝ Հովսեփ Կիրակոսյանը մահանում է: Հետո ինտենսիվ կրակահերթ է սկսվում՝ շուրջ 40 րոպե, եւ ստիպված են լինում սպասել, հետո միայն գալ նոր վիրավորների հետեւից:
«Խուճապ չկար, վիրավորների առաջին անգամ չէինք տեսնում: Գլխավորը սառնասրտությունը պահպանելն էր, զգացմունքներին չտրվելը: Յուրաքանչյուր բժշկի մի քանի վիրավոր էր բաժին հասնում, եւ հարկավոր էր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել ճիշտ հերթականությամբ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Սթրեսը հետո ես զգում: Կատարվածի գիտակցությունը նույնպես հետո է գալիս»,- պատմում է նա՝ հավելելով, որ այդ ժամանակ իր եղբայրը դիրքերում էր, եւ դժվար էր չմտածել նրա մասին:
Մատաղիս տանող ճանապարհը, նրա խոսքով, մշտական կրակահերթերի տակ էր: Այսօր էլ ճանապարհին դրա վկայությունը կա: Փառք Աստծո, հոսպիտալը ո՛չ մարդկային, ո՛չ նյութական կորուստ չի կրել:
Բժշկի ամենածանր հիշողությունները կապված են դրոնից այրվածքներով վիրավորների հետ: Շատերը տեղում զոհվել են: Մի քանիսին հոսպիտալ են հասցրել, բայց քչերին է հաջողվել փրկել:

Դավիթ Մարգարյանը հիշում է, որ թեեւ ապրիլի 5-ից հայտարարվեց կրակի դադարեցման մասին, իրենց ուղղությամբ կրակը չէր դադարում ամբողջ ապրիլի ընթացքում, եւ այդ ընթացքում անընդհատ վիրավորների էին բերում:
Ընդունարանի պետ, մայոր Ղեւոնդ Թադեւոսյանը հիշում է, որ ապրիլի 2-ի առավոտյան ժամը 4:00-ին ռազմական գործողությունների ահազանգ ստացան, բայց այդ ժամանակ դեռ ծավալը չէին պատկերացնում: Այստեղ սովոր են վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից դիվերսիոն հարձակումներին: Բայց երբ սկսեցին առաջին վիրավորներին բերել, հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Նրա համար ամենասարսափելի հիշողությունը Սիսիայից կամավորների հետ է կապված, որոնց վրա հարձակվեց անօդաչուն:
«Չգիտեմ՝ ինչ զենք էր դա, մարդիկ ողջ-ողջ այրվում էին, սարսափելի էր: Մեզ մոտ երեք կամ չորս նման վիրավոր կար: Մենք օգնություն ցուցաբերեցինք, բայց կյանքը փրկել չկարողացանք»,- հիշում է նա: Նման պահերին, բժշկի խոսքով, սկսում են գործել պաշտպանական մեխանիզմները, պարզապես քո գործն ես անում: Հետո արդեն ծանր է լինում:
Մարտակերտի հոսպիտալի գրեթե բոլոր բժիշկները Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մասնագետներ են: Բոլորն էլ մանկությունից երազել են բժիշկ դառնալ, բայց զինվորական բժիշկ շատերը ճակատագրի կամոք են դարձել. պարզապես ռազմական բժշկության ֆակուլտետում ուսուցումն անվճար էր: Բայց որպես իրական զինվորականներ, բախտից չեն դժգոհում: Ընտանիք ունեն, բնակվում են Մարտակերտի ծառայողական բնակարաններում կամ հոսպիտալին կից հանրակացարանում: Եվ պարզապես խաղաղություն են ուզում, որպեսզի հարկ չլինի ընտանիքների համար անհանգստանալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day