• Latest news

Ապրիլին վիրավորված Վալերին մի շարք վիրահատություններից հետո վերականգնվում է

16 նոյեմբերի, 2016  20:35

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում վիրավորված Վալերի Մեհրաբյանը զինվորական տոհմից է: Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ, երբ կռվում էր Վալերիի հայրը, նա երեխա էր, բայց հիշում է այն, եւ դեռ վաղ հասակից գիտեր, որ դառնալու է զինվորական եւ պաշտպանելու է իր հողը:

Վալերին ծնունդով Ստեփանակերտից է: Երբ սկսվեցին ապրիլյան մարտերը, նա Թալիշում տեղակայված գումարտակի շտաբի հրամանատարն էր: Նա ինքը 2016 թվականի ապրիլի դեպքերը ծանր վիրավորվելու պատճառով չի հիշում:

Հիշեցնենք, որ գումարտակի շտաբի 28-ամյա հրամանատար Վալերի Մեհրաբյանը վիրավորվել էր ապրիլի 4-ին։ Նրան վիրահատել էին Մարտակերտի հիոսպիտալում եւ կարել էին լյարդը, որը վնասվել էր արկի պայթյունից, այնուհետեւ տեղափոխել էին Ստեփանակերտ, որի ճանապարհին նրա սիրտը կանգ էր առել: Սակայն բժիշկներին հաջողվել էր վերակենդանացնել նրան եւ ծանր վիճակում հասցնել Ստեփանակերտ, իսկ ավելի ուշ՝ տեղափոխել Երեւան: Երկար ժամանակ Վալերին եղել է կոմայի մեջ. նրա գլխում գոյացել էր մեծ հեմատոմա, որը վիրահատել էին «Էրեբունիի» նեյրովրաբույժները, իսկ տրավմատոլոգները այդ ընթացքում արել են օստեոսինթեզ՝ ձեռքի կոտրված ոսկորների ֆիքսացիա: Վալերիի մոտ բեկորային վնասվածքի պատճառով նաեւ խախտված է եղել հաստ աղիքի պատի սնուցումը, եւ բժիշկները դրել են ստոմա: Վերջերս Վալերիին դարձյալ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ՝ ստոման հանելու համար: Այնտեղ մենք զրուցեցինք զինծառայողի եւ նրա կնոջ՝ Մելինե Գրիգորյանի հետ: 

Կնոջ խոսքով, Վալերին վնասվածքը ստացել է ապրիլի 4-ին, երբ Թալիշ է եկել կամավորների խումբ, իսկ նա փորձել է տեղաբաշխել նրանց, որպեսզի մեկ հենակետում կուտակում չլինի: Ադրբեջանի ԶՈՒ-ը հարված է հասցրել այդ հենակետին, երբ այնտեղ մնացել էին 3 մարդ՝ Վալերին եւ 2 կամավորներ: Մնացածը հասցրել էին հեռանալ:

«Սկզբից մտածեցինք, որ նրանք բոլորը զոհվել են: Արկի պայթյունից բոլորին ծածկել էր հողը: Այնուհետեւ զինվորները լսել էին ձայն, եւ հողից փորել հանել էին իրենց հրամանատարին: Նրան կոմայի մեջ հասցրել էին Մարտակերտ»,- պատմում է Մելինեն: Վալերիի մոտ չեն գտել փաստաթղթեր, նրան Մարտակերտի հոսպիտալ են ընդունել ուրիշի անվամբ: Ապա վիրահատել եւ տեղափոխել են Ստեփանակերտ:

Երբ Վալերիի հայրը, որը նույնպես զինվորական է, եկել է Մարտակերտ, նա արդեն այնտեղ չէր: Իսկ հորեղբայրը, որն այդ ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում, հիվանդանոց գալով՝ չի ճանաչել ազգականին. վերքերն այդ աստիճան փոխել էին նրա արտաքինը: Վալերիին ճանաչել է մտերիմ ընկերը:

Կնոջ խոսքով, Վալերիի վիճակը շատ ծանր էր, ընդհանուր առմամբ նրան վիրահատել են յոթ անգամ: Բայց այսօր նա չի կորցնում ոգու արիությունը: Ասում է՝ եթե այսքանին արդեն դիմացել եմ, ուրեմն ամեն ինչ կլինի լավ: Եւ պատրաստվում է հետագայում եւս ծառայել: Հարցին, թե այս ամենն ապրելուց հետո մի՞թե նրա մեջ չկա վախ, ծիծաղում է:

Կինը պատմում է, որ երբ Վալերիի մոտ գրանցվել է սրտի կանգ, նրան փրկել են «Էրեբունի» ԲԿ բժիշկները, որոնք այդ օրերին Ղարաբաղում էին: Հետո նրանք նաեւ կազմակերպել են նրա տեղափոխումը Երեւան: «Եթե չլինեին այստեղի բժիշկները, չգիտեմ՝ ինչ էր լինելու»,- ասում է նա: Եւ հիշում է, որ ամուսինը երկար ժամանակ եղել է կոմայի մեջ: Ուղեղի հեմատոման հեռացրել են ապրիլի 8-ին, որից հետո նա սկսել է շարժվել, բացել է աչքերը, արտահայտվել է ժեստերով: Մտերիմներին հաճախ չի ճանաչել. հիշողությունը պարբերաբար կորցնում էր: Վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերի խոսքով, նա երբեմն սկսում էր խոսել, եւ նրան թվում էր, թե իր զորամասում է: Խնդրում էր բերել համազգեստը եւ կոշիկները, որպեսզի գնա դիրքեր:

Այժմ, ինչպես ասում է Վալերին, ինքն արդեն պարզ հիշում, թե ինչ է տեղի ունեցել նախքան այդ ճակատագրական օրը: Զինծառայողը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ: Նրա մոտ նաեւ ծագել են լսողության խնդիրներ, բայց «Էրեբունի»–ի բժիշկներն ասում են, որ դա ժամանակի ընթացքում կանցնի։ Վալերին վերականգնողակամ բուժում կստանա արդեն Ստեփանակերտում։

Վալերին եւ Մելինեն երկու երեխա ունեն. դուստրը չորս տարեկան է, որդին՝ երեք: Երբ Վալերիին ուղարկել էին Թալիշ ծառայելու, կնոջ եւ երեխաների հետ տեղավորել էին Մատաղիսում: Մելինեն չէր հակառակվել Ստեփանակերտից Մատաղիս տեղափոխությանը: Եւ այժմ չի էլ փորձում ամուսնուն ետ պահել ծառայությունից: «Դա նրա որոշումն է»,- ասում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել