• Latest news

Տեստոստերոնի ցածր և նեյրոֆիլամենտային սպիտակուցի բարձր մակարդակները ճանաչողական ունակությունների անկման ահազանգ են

20 հուլիսի, 2024  19:18

Չինաստանի Ֆուդանի համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեց տղամարդկանց շրջանում տեստոստերոնի ցածր մակարդակը զուգորդվում է նեյրոֆիլամենտի թեթև շղթա կոչվող սպիտակուցի բարձր մակարդակի հետ, զգալիորեն մեծացնում է նրանց ճանաչողական ունակությունների անկման վտանգը: Հետազոտության արդյուքները հրապարակվել են Alzheimer's & Dementia բժշկագիտական հանդեսում:

Ոմանք ճանաչողական գործառույթի լավ ցուցանիշները պահպանում են մինչև 70, 80 և նույնիսկ ավելի բարձր տարիքում, մինչդեռ մյուսների ճանաչողական ունակությունները շատ ավելի արագ են վատթարանում:

Երբ մարդու մոտ նկատվում է ճանաչողական ունակությունների լրջագույն և սաստկացող անկում, ինչը էապես խանգարում է առօրյա կյանքին, դա կոչվում է դեմենցիա: Դեմենցիան ներառում է զանազան նյարդաբանական խնդիրներով պայմանավորված և նյարդային համակարգի աշխատանքը խաթարող տարբեր հիվանդություններ: Ամենատարածված տեսակը Ալցհայմերի հիվանդությունն է, որը բնութագրվում է գլխուղեղում վահանիկներ և նյարդակծիկներ ձևավորող յուրահատուկ սպիտակուցների կուտակմամբ, որոնք տուժած հատվածներում աստիճանաբար սպանում են նեյրոնները:

Դեմենցիայի որոշ ձևեր կարելի է կանխել կամ առնվազն դանդաղեցնել դրանց սաստկացումը: Սա գիտնականներին ստիպել է հետևողականորեն հետազոտել դեմենցիայի զարգացումը կանխատեսելու ուղիները: Հետազոտվող գործոնները ներառում են ճանաչողական ունակությունների անկման վտանգը փոփոխող սեռական հորմոնները:

Մոտալուտ դեմենցիայի մեկ այլ կարևոր ախտանշան է նեյրոֆիլամենտների թեթև շղթան: Այս սպիտակուցն օգնում է պահպանել նյարդային բջիջների ձևն ու կառուցվածքային ամբողջականությունը՝ գործելով որպես բջջային հիմնակմախք: Իբրև կանոն, նեյրոֆիլամենտների թեթև շղթայի մոլեկուլները մնում են նեյրոնների ներսում: Սակայն արյան մեջ այդ սպիտակուցների մեծ քանակության հայտնաբերման դեպքում դա վկայում է նեյրոնների վնասման մասին. դրա հետևանքով այդ սպիտակուցները թափանցում են արյան մեջ:

Հետազոտության հեղինակ Շունինգ Թանգը և նրա գործընկերները տեստոստերոնի և նեյրոֆիլամենտների թեթև շղթայի մակարդակների հիման վրա փորձում էին պարզել՝ ինչպես կարելի է ճշգրիտ կանխատեսել տարեց տղամարդկանց ճանաչողական ունակությունների մոտալուտ անկումը: Նրանք ենթադրում էին, որ տեստոստերոնի մակարդակի նվազումը կապված է ճանաչողական ունակությունների անկման հետ, և որ ճանաչողական ունակությունների անկման  կանխատեսումն ավելի արդյունավետ կլինի, եթե հիմնված լինի թե՛ տեստոստերոնի և թե՛ նեյրոֆիլամենտի թեթև շղթայի մակարդակների վրա:

Հետազոտողները վերլուծել են Շանհայի ծերացման հետազոտությանը մասնակցած 581 տարեց տղամարդկանց տվյալները:

Հետազոտության սկզբում մասնակիցները արյան նմուշներ են տրամադրել, ինչը գիտնականներին հնարավորություն է ընձեռել չափել տեստոստերոնի և նեյրոֆիլամենտների թեթև շղթայի մակարդակը: Ճանաչողական գործառույթը գնահատելու նպատակով փորձարկվողները միաժամանակ մի շարք նյարդահոգեբանական թեստեր են անցել: Մասնակիցները 2014-2023 թվականներին առնվազն մեկ անգամ վերստուգվել են՝ գիտնականներին հնարավորություն տալով ժամանակի ընթացքում համեմատել իրենց ճանաչողական ունակությունների գործառույթը և որոշել՝ արդյոք տկարամտություն է զարգանում, թե՞ ոչ:

Արդյունքները ցույց են տվել, որ հետազոտության ընթացքում 45 մասնակիցների շրջանում ճանաչողական ունակությունների խանգարումներ են ի հայտ եկել: Ի տարբերություն ճանաչողական ունակությունների խանգարումներից զերծ տարեց տղամարդկանց, այս տղամարդիկ ավելի տարիքով էին, ավելի քիչ ժամանակ էին հատկացրել կրթությանը, չբացառելով նաև, որ վերջիններս ավելի հաճախ էին տառապում սրտի իշեմիկ հիվանդությունից, ուղեղի կաթվածից և հիպերտոնիայից: Նրանց տեստոստերոնի մակարդակն ավելի ցածր էր, իսկ արյան մեջ նեյրոֆիլամենտների թեթև շղթայի մակարդակն՝ ավելի բարձր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել