60-ամյա գերմանացին ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո, ամենայն հավանականությամբ, դարձել է յոթերորդ մարդը, որն արդյունավետորեն ապաքինվել է ՄԻԱՎ-ից, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։
Բուժման այս ցավոտ և վտանգավոր ընթացակարգը վերապահված է ՄԻԱՎ-ով և ագրեսիվ սպիտակարյունությունից տառապող մարդկանց, և չի կարող փրկել աշխարհում մահացու վիրուսով ապրող գրեթե 40 միլիոն մարդկանց: Գերմանացուն, որը ցանկացել է անհայտ մնալ, անվանել են «բեռլինցի հաջորդ հիվանդ»:
Բեռլինցի առաջին հիվանդը` Թիմոթի Ռեյ Բրաունը, առաջին մարդն էր, որը 2008 թվականին հռչակվեց ՄԻԱՎ-ից լիովին բուժված: Բրաունը մահացել է քաղցկեղից 2020 թվականին։
Հաջորդ շաբաթ Գերմանիայի Մյունխեն քաղաքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովի նախաշեմին հայտարարվել է բեռլինցի երկրորդ հիվանդի՝ ՄԻԱՎ-ի ախտանիշների երկարաժամկետ թուլացման մասին:
Ըստ համաժողովում ներկայացված հետազոտության ամփոփագրի՝ հիվանդին առաջին անգամ ՄԻԱՎ-ի վարակ է ախտորոշվել 2009 թվականին։ 2015 թվականին տղամարդը սպիտակարյունության պատճառով ենթարկվել է ոսկրածուծի փոխպատվաստման։
Մահանալու 10-տոկոսանոց վտանգ է պարունակող բուժման ընթացակարգն, ըստ էության, փոխարինում է մարդու իմունային համակարգը: Այնուհետև 2018 թվականի վերջին բեռլինցի հիվանդը դադարեցրեց արյան մեջ ՄԻԱՎ-ի մակարդակն իջեցնող հակառետրովիրուսային դեղամիջոցներ ընդունելը։
Ըստ բժշկական հետազոտողների՝ գրեթե վեց տարի անց բեռլինցին կարծես թե ազատվել է ՄԻԱՎ-ից և քաղցկեղից: Բեռլինի Charite համալսարանական հիվանդանոցի հետազոտող բժիշկ Քրիստիան Գեբլերը Ֆրանսպրեսի թղթակցի հետ զրույցում նշել է, որ գիտնականների թիմը ՄԻԱՎ-ի բոլոր հետքերի լիովին ոչնչացման հաշվով չի կարող «բացարձակ վստահ լինել»:
«Սակայն հիվանդի դեպքը ՄԻԱՎ-ի բուժման հնարավորության միտք է հուշում», - հավելել է Գեբլերը: «Նա իրեն լավ է զգում և խանդավառությամբ մասնակցում է մեր հետազոտություններին»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day