Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորել է Էբոլա տենդի դեմ երկու նոր պատվաստանյութ ներառել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) ընթացող կլինիկական փորձարկումներում, քանի որ այնտեղ վարակի լայնածավալ ու մահաբեր բռնկում է արձանագրվել։
Ներկայիս համաճարակի առանձնահատկությունն այն է, որ հարուցիչը հազվադեպ հանդիպող շտամ է։ Այս ենթատեսակի դեմ աշխարհում դեռևս չկան ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ էլ հատուկ բուժում, ուստի նոր դեղամիջոցները կփորձարկվեն հենց տեղում՝ դաշտային պայմաններում։ Ինչպես հայտնում է Euronews-ը, խոսքը Օքսֆորդի համալսարանի և Հնդկաստանի շիճուկների ինստիտուտի համատեղ մշակած պատվաստանյութի, ինչպես նաև ամերիկյան Moderna ընկերության պատրաստուկի մասին է։ Հետազոտությանը կմասնակցեն այն անձինք, որոնք շփում են ունեցել հաստատված վարակակիրների հետ։ Դրան զուգահեռ՝ ԱՀԿ-ն աջակցում է նաև արդեն զարգացած հիվանդության բուժման նոր մեթոդների ուսումնասիրությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԴՀ-ում վիրուսի վերջին բռնկման ի հայտ գալուց ի վեր հաստատվել է ավելի քան 5 հազար մահ, իսկ վարակվածների թիվն անցել է 11 հազարից։ Հիվանդության եզակի դեպքեր են գրանցվել նաև Քենիայում, Նիգերիայում և Ուգանդայում, սակայն այնտեղ սանիտարահամաճարակային իրավիճակը հաջողվել է վերահսկողության տակ առնել։
Բռնկմանը որպես հակազդեցություն՝ որոշ պետություններ, այդ թվում՝ Գանան և ԱՄՆ-ը, սահմանափակումներ են մտցրել ԿԴՀ-ից ժամանողների մուտքի համար։ ԱՀԿ-ն խստորեն դատապարտել է այս քայլերը։ «Մենք հորդորում ենք ճամփորդական սահմանափակումներ կիրառած երկրներին՝ վերացնել դրանք։ Նման արգելքները պատժում են պետություններին ճիշտ վարվելու համար, դրդում են թաքցնել տեղեկատվությունը և խոչընդոտում բռնկման դեմ պայքարին»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը։
Այս տեսակետին են հարում նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնները (CDC)։ Այնտեղ համաճարակի առաջին իսկ օրերից պնդում են, որ ուղևորությունների սահմանափակումները չպետք է դիտարկվեն որպես հանրային առողջապահության պահպանման գլխավոր գործիք։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day