• Latest news▼

Գիտնականները բացահայտել են այն մեխանիզմը, որի շնորհիվ շագանակագեղձի քաղցկեղը դիմացկուն է դառնում բուժման նկատմամբ

9 նոյեմբերի, 2026  08:42

Չիկագոյի համալսարանի, Ֆրեդ Հաթչինսոնի անվան ուռուցքաբանական կենտրոնի և գիտական այլ հաստատությունների հետազոտողները բացահայտել են նախկինում անհայտ մի մեխանիզմ, որը շագանակագեղձի քաղցկեղի բջիջներն ավելի ագրեսիվ ու դիմացկուն է դարձնում թերապիայի նկատմամբ։ ՌՆԹ-ի որոշակի մոլեկուլի վրա ներգործությունը կարող է օգնել վերականգնել ուռուցքների զգայունությունն արդեն իսկ գոյություն ունեցող դեղամիջոցների նկատմամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Շագանակագեղձի շատ ուռուցքներ վաղ փուլերում կախված են անդրոգենային ընկալիչի ակտիվությունից. սա մի սպիտակուց է, որը նպաստում է քաղցկեղային բջիջների աճին։ Ուստի բուժումը հաճախ ուղղված է լինում դրա գործունեության ճնշմանը։ Սակայն ժամանակի ընթացքում որոշ ուռուցքներ հարմարվում են. բջիջները դադարում են կախված լինել այս մեխանիզմից և ձեռք են բերում շագանակագեղձի նեյրոէնդոկրին քաղցկեղի հատկանիշներ, որի բուժումն ավելի բարդ է։

Գիտնականները պարզել են, որ նման անցման դեպքում նվազում է որոշակի փոխադրող ՌՆԹ-ի՝ tRNAArg (UCU)-1-ի մակարդակը։ Այս մոլեկուլը մասնակցում է սպիտակուցների արտադրության գործընթացին, սակայն, ինչպես պարզվել է, այն նաև օգնում է պահպանել ուռուցքային բջիջների ինքնությունը և ապահովել դրանց զգայունությունը թերապիայի նկատմամբ։

Հետազոտողները հաստատել են, որ այս ՌՆԹ-ի մակարդակի նվազումը հանգեցնում է SMARCC2 սպիտակուցի քանակի պակասի։ Այս սպիտակուցը մասնակցում է ԴՆԹ-ի կազմակերպմանն ու բջջային գործառույթների պահպանմանը։ Արդյունքում փոխվում են քաղցկեղային բջիջների հատկությունները, իսկ ուռուցքը կարող է դիմացկուն դառնալ այն դեղամիջոցների նկատմամբ, որոնք ներգործում են անդրոգենային ընկալիչների վրա։

Գիտափորձերի ընթացքում tRNAArg (UCU)-1-ի կամ SMARCC2 սպիտակուցի մակարդակի վերականգնումը վերադարձրել է անդրոգենային ընկալիչի ակտիվությունը և բարձրացրել կայուն քաղցկեղային բջիջների զգայունությունը բուժման նկատմամբ: Գիտնականները նաև բացահայտել են երկու սպիտակուց՝ TARDBP-ն և ZSCAN29-ը, որոնք օգնում են պահպանել այս փոխադրող ՌՆԹ-ի ակտիվությունը։

Այս հայտնագործությունը կարող է հիմք դառնալ ՌՆԹ-ի վրա ներգործող բուժման մեթոդների, այդ թվում՝ դրա պակասը լրացնող սինթետիկ մոլեկուլների մշակման համար։ Նման մոտեցումը հնարավորություն կտա շագանակագեղձի քաղցկեղի դեմ առկա դեղամիջոցները կրկին կիրառել այն պացիենտների դեպքում, որոնց ուռուցքներն այլևս չեն արձագանքում այդ դեղերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll