• Latest news

Բուդապեշտում հաջողությամբ նյարդային ծագման հազվադեպ ուռուցք են հեռացրել՝ վերականգնելով պացիենտի քայլելու ունակությունը

27 հունիսի, 2026  14:36

Բուդապեշտի Զեմելվայսի համալսարանի կլինիկայում բժիշկների միջմասնագիտական թիմը հաջողությամբ իրականացրել է երիտասարդ պացիենտի կոնքի շրջանից նյարդային ծագման հազվադեպ բարորակ ուռուցքի՝ շվանոմայի (հայտնի է նաև որպես նևրինոմա) լապարոսկոպիկ հեռացում, հայտնում է «Medical Xpress»-ը։

Վիրահատությունից հետո նրա կյանքի որակը և ինքնուրույն քայլելու ունակությունն ամբողջությամբ վերականգնվել են։

Վիրահատական միջամտությունը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 6-ին և հանդիսացել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ու Նեյրովիրաբուժության և նեյրոինտերվենցիայի բաժանմունքների համատեղ աշխատանքի արդյունքը։

Վիրահատությանը մասնակցել են նեյրոպելվեոլոգիայի մասնագետներ, նեյրովիրաբույժներ և ներվիրահատական նեյրոմոնիտորինգի մասնագետներ, որոնք միջամտության ընթացքում նյարդային կառուցվածքների աշխատանքը վերահսկելու համար օգտագործել են մասնագիտացված սարքավորումներ։

Նեյրովիրաբուժության և նեյրոինտերվենցիայի բաժանմունքի ղեկավար Լորանդ Էրեշի խոսքով՝ այս դեպքում խոսքը շվանոմայի հազվադեպ տեսակի մասին է, որը տեղակայված է եղել հետորովայնամզային տարածությունում՝ արգանդի հետևում։ Նման ուռուցքները կազմում են շվանոմաների բոլոր դեպքերի ընդամենը 1-3%-ը և պահանջում են առանձնահատուկ մանրակրկիտ ախտորոշում, քանի որ դրանց ախտանիշները հաճախ հիշեցնում են ողնաշարի հիվանդություններ։

«Այս դեպքում մենք գործ ունեինք շվանոմայի շատ հազվադեպ տարբերակի հետ՝ ուռուցք, որը գտնվում էր արգանդի հետևում՝ փոքր կոնքում, հետորովայնամզային տարածությունում»,- նշել է Էրեշը։

Պացիենտը բժշկական օգնության է դիմել դեպի ոտքը ճառագայթող մշտական ցավի պատճառով, որն առաջացել էր ուռուցքի կողմից նյարդային կառուցվածքների սեղմման հետևանքով։ Էնդոմետրիոզի և լապարոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Ատիլա Բոկորի խոսքով՝ ուռուցքի չափսը հասնում է մոտ 5 սանտիմետրի, և այն տեղակայված է սրբանային շրջանից նյարդային արմատների դուրս գալու վայրի մոտ։

«Պացիենտը դիմել էր անտանելի ցավի պատճառով, որը տարածվում էր դեպի աջ ոտքը»,- ասել է Բոկորը։

Մոտ հինգ ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներն օգտագործել են 32-ալիքային նեյրոմոնիտոր և էլեկտրաֆիզիոլոգիական վերահսկողության համակարգ, ինչը թույլ է տվել ճշգրիտ որոշել նյարդային կառուցվածքների տեղակայումն ու նվազագույնի հասցնել դրանց վնասման ռիսկը։ Բժիշկները նշում են, որ առանձնահատուկ բարդություն է ներկայացրել անատոմիական առումով դժվարամատչելի գոտուց ուռուցքի հեռացումը, քանի որ հենց այդտեղով են անցնում միզապարկի, աղիների և վերարտադրողական համակարգի գործառույթների համար պատասխանատու նյարդերը։

«Սա անվտանգության բարձր մակարդակ է ապահովել վիրահատության ժամանակ»,- ընդգծել է Բոկորը։

Բժիշկները շեշտել են, որ միջամտության նպատակներից մեկը ոչ միայն ուռուցքի հեռացումն ու ցավի վերացումն է, այլև պացիենտի նյարդային գործառույթների և վերարտադրողական ներուժի պահպանումը։

Վիրահատությունը միջազգային հետաքրքրություն է առաջացրել. դրա ընթացքին իրական ժամանակի ռեժիմով հետևել են Սլովենիայից, Թուրքիայից և Պորտուգալիայից ժամանած մասնագետներ։ Պացիենտը դուրս է գրվել արդեն իսկ հաջորդ օրը՝ բավարար վիճակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll