Կաթնամթերքը նույնիսկ մասնակիորեն բուսական այլընտրանքներով փոխարինելը կարող է հանգեցնել օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդանյութերի պակասի. այս եզրահանգմանն են եկել Սուրեյի համալսարանի գիտնականներն իրենց նոր հետազոտության մեջ։ Բուսական և այլ սննդամթերքի, այդ թվում՝ հացի պարտադիր հարստացումը կարող է նվազեցնել օգտակար նյութերի, հատկապես՝ յոդի դեֆիցիտի վտանգը։
Մեծ Բրիտանիայում անցկացված և իր տեսակի մեջ առաջին այս ուսումնասիրության շրջանակում Սուրեյի գիտնականները, համագործակցելով Բելֆաստի Թագավորական համալսարանի գործընկերների հետ, պարզել են, թե ինչպես է կաթը, յոգուրտն ու պանիրը վաճառքում առկա բուսական համարժեքներով փոխարինելն անդրադառնում միկրոէլեմենտների ընդունման վրա։
Ինչպես հայտնում է «Научная Россия» պարբերականը, հետազոտական խումբն օգտագործել է Սննդակարգի և սնուցման ազգային հետազոտության տվյալները, որոնցում ընդգրկված է եղել 18 ամսականից մինչև 100 տարեկան 3500 մարդ։ Այնուհետև գիտնականները մոդելավորման նոր մեթոդաբանությամբ գնահատել են, թե կաթնամթերքից բուսական տարբերակների անցնելն ինչպես է ազդում կաթնամթերքում պարունակվող չորս հիմնական միկրոէլեմենտների՝ յոդի, կալցիումի, ռիբոֆլավինի և B12 վիտամինի մակարդակի վրա։
Հետազոտության համահեղինակ, դոկտոր Քեթի Նիկոլը նշել է. «Բնապահպանական կայունություն ապահովելու աճող անհրաժեշտության պայմաններում սննդակարգի վերաբերյալ շատ խորհուրդներ կենտրոնանում են բուսական սննդի և կենդանական ծագման մթերքների կրճատման վրա։ Բուսական այլընտրանքների պահանջարկի աճին զուգահեռ՝ մենք պետք է հստակ իմանանք, թե արդյոք դրանք լիարժեքորեն լրացնում են կաթնամթերքում առկա միկրոէլեմենտների պաշարը։ Սա հատկապես կարևոր է բնակչության խոցելի խմբերի՝ մասնավորապես մանկահասակ երեխաների և դեռահաս աղջիկների համար, որոնց շրջանում ավելի հաճախ է նկատվում որոշակի միկրոէլեմենտների պակաս, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ նրանց ընդհանուր առողջության վրա»։
Պարզվել է, որ կաթնամթերքի նույնիսկ չնչին մասը բուսական տարբերակներով փոխարինելը հանգեցնում է բոլոր չորս միկրոէլեմենտների, և հատկապես՝ յոդի մակարդակի զգալի անկման։ Օրինակ՝ շուկայում առկա մթերքների հարստացման ներկայիս պայմաններում կաթնամթերքի ընդամենը 20-35%-ը բուսականով փոխարինելու հետևանքով դեռահաս աղջիկների շրջանում յոդի դեֆիցիտը 54%-ից հասել է 65%-ի, իսկ 19-49 տարեկան կանանց մոտ՝ 32%-ից 42%-ի։ Կաթնամթերքից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում յոդի անբավարարության ցուցանիշը դեռահաս աղջիկների շրջանում հասել է 80%-ի, իսկ տղաների մոտ՝ 72%-ի։
Սուրեյի համալսարանի դոցենտ և հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Սարա Բաթն ընդգծել է. «Մեծ Բրիտանիան հատկապես խոցելի է յոդի դեֆիցիտի նկատմամբ, քանի որ երկրում բացակայում է մթերքները յոդով հարստացնելու պետական քաղաքականությունը, ինչպիսին, օրինակ, աղի համատարած յոդացումն է, որը կիրառվում է շատ այլ երկրներում»։
Բացի այդ, մարդիկ կարող են լիարժեք պատկերացում չունենալ յոդի կարևորության մասին, մինչդեռ այն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմի առողջ աճին ու գլխուղեղի զարգացմանը։ Յոդն առանձնապես կարևոր է հղիության ընթացքում, երբ դրա պահանջարկն օրգանիզմում մեծանում է։ Շատերը նաև տեղյակ չեն, որ կաթնամթերքը յոդի հիմնական աղբյուրն է, իսկ բուսական փոխարինիչներում, եթե դրանք լրացուցիչ հարստացված չեն, այդ տարրի պարունակությունը չափազանց ցածր է։
Հետազոտողներն ուսումնասիրել են նաև կաթնամթերքի բուսական փոխարինիչները միկրոէլեմենտներով պարտադիր հարստացնելու ազդեցությունը՝ որպես սննդանյութերի պակասը կանխելու հնարավոր միջոց։ Պարզվել է, որ նման քայլը թույլ է տալիս կանխել միկրոէլեմենտների ընդունման նվազումը կաթնամթերքից հրաժարվելիս, թեև դեռահաս աղջիկների 59%-ի մոտ յոդի մակարդակը, միևնույն է, անբավարար է մնացել։ Սակայն գիտնականները բացահայտել են, որ յոդացված հացի օգտագործումը նպաստում է այդ տարրի ավելի լավ յուրացմանը՝ դեռահաս աղջիկների շրջանում դեֆիցիտը նվազեցնելով մինչև 37%-ի։
Արդյունքները վկայում են, որ յոդի պակասը հաղթահարելու ամենաարդյունավետ ռազմավարությունը կաթնամթերքի բուսական փոխարինիչների և հացի պարտադիր յոդացման համադրումն է։
Ամփոփելով հետազոտությունը՝ դոկտոր Նիկոլը եզրափակել է. «Սննդի ոլորտի քաղաքականությունը պետք է զարգանա բնապահպանական նպատակներին համընթաց, սակայն կարևոր է, որ ավելի էկոլոգիական սննդակարգի անցումը չվնասի հանրային առողջությանը։ Սննդամթերքի հարստացումն այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն է, բայց դրա իրագործման համար անհրաժեշտ է հստակ պետական քաղաքականություն»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day