• Latest news

Պետությունը նպաստում է, որ դեղատները անցնեն ստվերային դաշտ. «Վագա Ֆարմի» հիմնադիր

24 հուլիսի, 2024  15:49

Եթե մինչև վերջերս վարչարարության չարաշահումներով Առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից ստեղծվում էին ամեն տեսակի մանրախնդիր արգելքներ, որ թույլ չտան դեղերը ներմուծել կամ, նվազագույնը, գոնե հնարավորինս ձգձգեն ներմուծումը, ապա հիմա կարճ են կապում. առանց որևէ պատճառ բերելու՝ օրենքը խախտելով՝ շաբաթներով, որոշ դեպքերում՝ մինչև 2 ամիս ուշացնում ներմուծման հավաստագրերի տրամադրումը: Այս մասին «Հետք»–ում հրապարակած «Իրական Հայաստանի կառավարությունը» հոդվածում գրում է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։

Նա հիշեցնում է, որ վարչապետը համակարգում է Կառավարության անդամների, տվյալ դեպքում՝ Առողջապահության նախարարի գործունեությունը․ այդպես է գրված Սահմանադրությունում: Սա ենթադրում է, որ վարչապետը վերահսկում է այդ գերատեսչության աշխատանքը և պատասխանատու է կատարած աշխատանքի համար:

Նամակներ գրեք կառավարությանը

«Դիմեցինք վարչապետին, որ ապահովի ԱՆ-ի՝ ներմուծման հավաստագրերը տրամադրել օրենքով սահմանված ժամկետում: Նշել էինք, որ ներմուծված դեղերը ժամանակին չհավաստագրելու պատճառով ուշ են մտնում շրջանառության մեջ, ներմուծող ընկերությունները կրում են ֆինանսական կորուստներ՝ սառեցնելով միջոցները, իսկ քաղաքացիները զրկվում են ժամանակին անհրաժեշտ դեղեր ձեռք բերելու հնարավորությունից: Բացի դրանից՝ մաքսազերծումները ժամանակին կատարել չկարողանալու պատճառով սպասվող ԱԱՀ-ի գծով կանխավճարները ժամանակին չեն վճարվում բյուջե, որի թերակատարումն առաջին եռամսյակում կազմել էր 43 միլիարդ, իսկ արդեն կիսամյակում՝ 117 միլիարդ դրամ:

Դեղերի համար նախատեսված մաքսային տերմինալներում այլևս տեղ չկա նոր ներկրվող դեղերի համար՝ քանի դեռ նախկին ներմուծածները չեն մաքսազերծվել. բեռնատարները օրերով սպասում են տերմինալներում, որ տեղ ազատվի, բեռնաթափվեն:

Դիմումից 25 օր անց, փոխանակ Կառավարության աշխատակազմը պարզեր բարձրացված խնդիրը, և ԱՆ-ի պաշտոնյաները օրինական դաշտ բերվեին, նույն ԱՆ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստանում ենք պատասխան՝ իբր 5 ամսվա ընթացքում մեր ներմուծման 156 հայտերի փորձաքննությունների միջին տևողությունը կազմել է 6.5 օրացուցային օր և փորձաքննության եզրակացություն ստանալուց հետո հայտը բավարարել կամ մերժել է: Սու՛տ: Եվս մեկ գրությամբ դիմեցինք վարչապետին. ներկայացրինք էլեկտրոնային աղյուսակ, որում երևում էին այս տարի ներկայացված և բավարարված հայտերը և Փորձագիտական կենտրոնի կողմից իրականացված յուրաքանչյուրի փորձաքննության տևողությունը: Ինչից պարզ երևում էր, որ փորձաքննությունների միջին տևողությունը եղել է 10-ից 25 օր, իսկ ԱՆ-ի կողմից հայտերի բավարարումը՝ 56 դեպքերում՝ 3-ից 27 օր: Մինչդեռ հայտերը, ըստ օրենքի, պետք է բավարարվեին աշխատանքային մեկ օրվա ընթացքում:

Վարչապետի ուշադրությունը փորձեցինք հրավիրել նրա վրա, որ իր աշխատակազմն անգամ փորձ էլ չի արել պարզելու մեր բարձրացրած խնդիրը: Իր վրայից գցելով պատասխանատվությունը՝ խնդիրը լուծելու փոխարեն, աշխատակազմը մեր գրության պատասխանը մեխանիկորեն հանձնարարում է ԱՆ-ին, հենց որի անգործության դեմ էլ բողոք ենք ներկայացրել: Վերջինս էլ, օգտվելով գործող մոդելից, երբ վերադասը ոչ թե խորանում է խնդրի մեջ ու փորձում այն լուծել, այլ «ցրում» է, ինքն էլ կրկնօրինակում է աշխատելու նույն մոդելը՝ չլուծել խնդիրը, իր վրայից գցելով պատասխանատվությունը անբովանդակ նամակագրությամբ՝ վստահ, որ պատասխանատվության չի ենթարկվելու: Վարչապետին ուղղված գրությունում ակնկալել էինք, որ ԱՆ-ից նոր նամակներ չուղարկեն, այլ պարզունակ այս խնդիրն, ի վերջո, լուծվի: 15 օրից ստացանք պատասխան գրություն՝ նորից ԱՆ-ից: Այս անգամ հայտնում են, որ մեր ընկերության կողմից դեղերի ներմուծման հայտերը ներկայացվել են ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին… Աշխատում են այնպիսի անկապ բաներ գրել, որ թե՛ ԱՆ-ից, թե՛ նրա վերադաս Կառավարությունից հեռու մնաս, ոչ մի հարցով հանկարծ չդիմես, բանականությունդ վիրավորված չզգաս:

Ի դեպ, այս պահին ևս ներմուծման հավաստագրերի տրամադրման ժամկետները նույն կերպ, ինչպես մինչև վարչապետին գրություններ ուղարկելը, նույն տևողությամբ խախտվում են», – գրում է Վահե Վարսանյանը։   

ԱՆ-ն մաքսանենգության հովանավորն է

Նա հիշեցնում է, որ առողջապահության նախարարությունը թույլատրում է ներմուծել բացառապես ԱՆ-ում այս պահին գրանցված դեղերը:

«Դրանց տեսականին տարիների ընթացքում 5500-ից դարձել է 3150: Սա պահանջարկի մոտ 20%-ն է: Արգելվում է ներմուծել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրանցված և կենսական պահանջարկ ունեցող հազարավոր անվանում դեղեր:

Դեղերի շրջանառությունը, ըստ ոլորտի օրենսդրության, բացառապես կախված է դեղերի իրավատերերի՝ դեղը Հայաստանում գրանցելու սեփական նպատակահարմարությունից: Դիցուք, եթե մի օր դեղերի իրավատերերը որոշեն, որ դեղերը ՀՀ-ում իրենց համար ձեռնտու չէ գրանցել, կմնանք առանց դեղերի:

Բնակչությանն անհրաժեշտ դեղամիջոցները, որոնք այդ իրավատերերը նպատակահարմար չեն գտել գրանցել, Հայաստան օրինական ճանապարհով մուտք չեն գործում: Խոսքը պահանջված դեղերի մոտ 80 %-ի մասին է: Մյուս կողմից՝ իրավատերերը, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը, դեղերը գրանցում են այնպիսի մակնշմամբ, որ նույն դեղը այլ տեսքի տուփով չներկրվի: Դա հնարավորություն է տալիս նրանց, մրցակցության բացակայության պայմաններում, անխոչընդոտ, ըստ ցանկության, բարձրացնել դեղերի գները:

Դեղերի առաջացած դեֆիցիտը ծածկվում է մաքսանենգ ճանապարհով. ոլորտի օրինական շրջանառությունը տեղը զիջում է մաքսանենգությանը: Վկան՝ իրավապահների գրեթե ամենօրյա տեղեկատվությունը՝ մաքսանենգ դեղերի հայտնաբերման վերաբերյալ:

Պետությունը, փաստացի, զրկվում է առնվազն 60 միլիոն դոլար լրացուցիչ հարկից՝ թե՛ շահութահարկի, թե՛ ԱԱՀ-ի մասով, երբ առաջին կիսամյակում հարկերի թերի հավաքագրումը կազմել է 300 միլիոն դոլար:

Եթե ԱՆ-ն ցանկանար, օրենսդրությունը կհամապատասխանեցներ իր քաղաքացիների շահերին. շատ պարզ լուծմամբ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գրանցված, ինչպես նաև ՀՀ-ում նախկինում գրանցված դեղերը, որոնք իրավատերերը չեն վերագրանցել, ավտոմատ ընդունելով որպես գրանցված: Դեղերի ոլորտում դեֆիցիտի և դեղերի ուռճացված գների լարվածությունը կթուլանար: ԱՆ-ն մերժում է լուծման նման տարբերակը, քանի որ շահագրգռվածություն ունի սպասարկել արտասահմանյան մի քանի դեղարտադրող ընկերությունների և տեղի ներմուծողների շահերը: Մյուս պատճառն էլ ԱՆ չինովնիկների մարդկային չարակամությունն է. ինչու՞ հնարավորություն տալ ոլորտի սահուն աշխատանքին, ինչի դեպքում իրենց գոյությունն աննկատ կլինի, եթե կարելի է խոչընդոտներ ստեղծել և վայելել դրա հետևանքները:

Դեղատնային մեր ցանցը ցածր վերադիրով աշխատելու քաղաքականություն է իրականացնում, սակայն ԱՆ-ի ստեղծած այս իրավիճակում, անհնար է դառնում այդ սկզբունքով շարունակելը: Պրոֆեսիոնալիզմով, հմտություններով եթե կարողանում էիր մրցակցել, շրջանառության մեծ ծավալների հաշվին գները մատչելի պահել, հիմա այդ ծավալներն ԱՆ-ն անհնար է դարձնում ապահովել», – պարզաբանում է Վահե Վարսանյանը, գալով հետևայալ եզրահանգման՝  ԱՆ-ն ինքը մասնակից է մաքսանենգության ու ոլորտում անօրինականությունների կազմակերպման։

Էլեկտրոնային դեղատների խաբկանք. օրը՝ մեկ դեղատոմս

Ըստ դեղագործական կազմակերպության ղեկավարի՝ 2024 թ.-ի մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ԱՆ-ն ամբողջությամբ ձախողեց:

«70-ից ավելի դեղատուն ունեցող դեղատնային մեր ցանցը, բոլորը միասին, միջինը օրը մեկ էլեկտրոնային դեղատոմս չի ստանում: Պատկան մարմինները որևէ միջոց չեն ձեռնարկում, որ համակարգը գործի՝ բժիշկների կողմից համապատասխան դեղերը էլեկտրոնային եղանակով դուրս գրվեն: Փոխարենը՝ Տեսչական մարմինը, ՊԵԿ-ից ստանալով իրացված դեղերի մասին համապատասխան տեղեկատվությունը, տուգանում է դեղատներին։ Ամեն դեղատան տուգանքը կազմում է 1-ից 2 միլիոն դրամ: Ստացվում է, որ դեղատների՝ օրինական ձեռք բերած դեղերի օրինական իրացման տեղեկատվությունը ՊԵԿ-ը տրամադրում է Տեսչական մարմնին, որն էլ, այդ տեղեկատվության հիման վրա, տուգանում է:

Պետությունը նպաստում է, որ դեղատները ոչ թե օրինական դեղեր ձեռք բերեն և իրացնեն, քանի որ այդպիսով տեղեկատվությունը տրամադրվում է Տեսչական մարմնին, այլ ուղղորդում է, որ տնտեսվարողները անցնեն ստվերային դաշտ: Օրինական դաշտում աշխատողը պետք է անընդհատ վախի ու մեղքի զգացումով աշխատի, քանի որ պետությունը այնպիսի ոչ ողջամիտ պայմաններ է ներդնում, որ օրինական աշխատանքը դառնա անհնար», – գրում է նա։

Դիմում ես պատկան մարմիններին, վիճակն ավելի է վատանում

Վահե Վարսանյանը նշում է, որ պատկան մարմիններին դիմելը միայն վատթարացնում է կազմակերպությունների վիճակը։

«Դեռևս 24.11.2023-ին դիմել էինք ՊԵԿ՝ ներկայացնելով դեղերի շուկայում շոշափելի ստվերային՝ առանց հաշիվ-ապրանքագրերի իրացումների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն: Դիմումի հիման վրա ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել ու արձանագրել բազմաթիվ խախտումներ: Դրան ի պատասխան՝ տվյալ ընկերությունը, որի մոտ հայտնաբերվել էին խախտումները, դատի է տվել ՊԵԿ-ին:

Ի՞նչ ունենք այսօր. եթե մինչ ՊԵԿ-ի ստուգումները տվյալ ընկերությունը օրինախախտումները միայն հանգստյան օրերին էր անում, ներկայում՝ արդեն հախուռն, նաև աշխատանքային օրերին և նախկինի համեմատ՝ բազմապատիկ ծավալներով: Սա ուղիղ ազդակ է կազմակերպություններին՝ անպատժելիության այս մթնոլորտում աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի:

Ներկայացված բոլոր դեպքերում պետական մարմինների միջոցով որևէ խնդիր լուծելը հակառակ ազդեցությունն է ունեցել: Ինչպես քաղցկեղի դեպքում բիոպսիայից հետո քաղցկեղի բջիջներն ավելի ագրեսիվ ու արագ են տարածվում, նույնն է նաև կառավարչական մարմինների դեպքում:

Կառավարության ոչ պրոֆեսիոնալ ու նեղմիտ աշխատանքի հետևանքների մի փոքր մասը միայն ներկայացվեց: Օրենքով պարտադրվող անհեթեթութություններ կատարելու վրա և դրանց դեմ պայքարելու վրա անցնում է մեր աշխատանքային օրվա զգալի մասը: Օրինակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի մի կետով՝ դեղի ներդիր թերթիկում դեղի մատակարարի անվանումը ներառելը առաջացնում է տուգանք՝  նվազագույն աշխատավարձի 250-300-ապատիկի չափով», – գրում է Վահե Վարսանյանը։

Նրա ներկայացմամբ, արդեն մայիսին ընդունված նոր փոփոխություններով՝ միաժամանակ գործում է մեկ այլ տուգանք, այս անգամ արդեն մատակարարի անունը ներդիր թերթիկում չներառելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Ինչ անես կամ չանես՝ տուգանվում ես: Նվազ տուգանք ընտրելու հնարավորություն է տրվում:

Ամփոփում

«Սա Նիկոլ Փաշինյանին հարմարեցված պետական համակարգ է, որտեղ կառավարման հիերարխիայում լցված պարազիտները՝ հազարավոր դիլետանտներն ու անբանները, կառավարման ոչ թե պրոբլեմն են, որոնք ենթակա են փոխարինման արժանի կադրերով, այլ պետական կառավարման սիստեմը, նրա էությունը: Հանես դիլետանտներին ու պարազիտներին, կփլուզվի ամբողջ պետական համակարգը», – եզրակացնում է Վահե Վարսանյանը։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է