• Latest news

Օրական ընդամենը 30 րոպե արագ քայլքը կարող է նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը.BJSM

10 սեպտեմբերի, 2026  08:32

Վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնելու համար պարտադիր չէ ամեն օր 10 հազար քայլ անել․ ավելի արագ տեմպով կատարած քիչ քայլերը կարող են նույնքան օգտակար լինել։ Այս մասին փաստում է «British Journal of Sports Medicine» ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի 103 684 միջին տարիքի բնակիչների տվյալները, որոնք յոթ օր շարունակ կրել են ակտիվության թրեքերներ։ Հետազոտողները համադրել են օրական քայլերի քանակը, քայլքի արագությունն ու մահացության ցուցանիշները՝ մասնակիցներին հետևելով միջինում շուրջ ութ տարի։

Մասնակիցներին բաժանել են չորս խմբի՝ ըստ քայլերի քանակի․ 5 հազարից պակաս, 5–7,5 հազար, 7,5–10 հազար և 10 հազարից ավելի։ Բացի այդ, հաշվի է առնվել օրվա առավել ակտիվ 30 րոպեների ընթացքում քայլքի առավելագույն կայուն տեմպը։

Պարզվել է, որ արագ տեմպը կարող է մասամբ փոխհատուցել քայլերի պակասը։ Օրինակ՝ օրական 5 հազարից պակաս քայլ անող, բայց րոպեում առնվազն 80 քայլ տեմպ պահպանող մարդկանց մոտ մահվան ռիսկի նվազումը համադրելի է եղել նրանց արդյունքների հետ, ովքեր անում էին 5–7,5 հազար քայլ, բայց քայլում էին ավելի դանդաղ՝ րոպեում շուրջ 60 քայլ։

Առանձնապես նկատելի է եղել արագ քայլքի տևողության դերը։ Օրական 7,5 հազարից պակաս քայլ անողների շրջանում օրական թեկուզ 30 րոպե ավելի բարձր տեմպ պահպանելը կապված է եղել ցանկացած պատճառով մահվան ռիսկի հետևողական նվազման հետ։

Ընդ որում, վաղաժամ մահվան ամենացածր ռիսկն ընդհանուր առմամբ գրանցվել է օրական 7,5–10 հազար քայլ անող մասնակիցների մոտ՝ անկախ քայլքի արագությունից։ Թեկուզ 30 րոպե արագ տեմպով քայլելը նույնպես կապված է եղել մահվան ավելի ցածր ռիսկի հետ՝ անկախ քայլերի ընդհանուր քանակից։

Նմանատիպ օրինաչափություններ են հայտնաբերվել նաև սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշներում։

Հետազոտությունն ունի դիտողական բնույթ և չի ապացուցում պատճառահետևանքային կապ։ Այնուամենայնիվ, դրա արդյունքները կարող են հատկապես կարևոր լինել նրանց համար, ում համար ժամանակի սղության, ֆիզիկական սահմանափակումների կամ միջավայրի պայմանների պատճառով դժվար է ամեն օր մեծ քանակությամբ քայլեր անել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll