Վիճաբանություններն ու տարաձայնությունները կարող են վտանգի տակ դնել ամենօրյա գործողությունները կատարելու Ձեր կարողությունները։ Հատկապես այս վիճակում մեքենա վարելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն Ձեզ, այլեւ Ձեզ շրջապատող մարդկանց համար։ Fox News հեռուստաալիքով առաջատար փորձագետները խորհուրդ են տալիս, թե ինչ չպետք է անել բարկացած ժամանակ եւ ինչպես վերականգնել ինքնատիրապետումը։

Զայրացած ժամանակ մի պառկեք քնելու

Քունը կարող է ավելացնել կամ «ամրապնդել» Ձեր բացասական էմոցիաները, հայտնում է Neuroscience ամսագրում տպագրված հոդվածը։ Այս հետազոտությունը ցույց է տվել, որ քունը ամրապնդում է հատկապես զգացմունքային հիշողությունները։

Ղեկին մի նստեք

Բարկացած ժամանակ մեքենա վարելը շատ վտանգավոր է։ Հետզոտությունները ցույց են տվել, որ զայրացած վարորդները իրենց ավելի մեծ վտանգի են ենթարկում եւ դժբախտ պատահարների պատճառ են դառնում։

«Երբ մարդը բարկացած է, նա պատրաստ է հարձակման, հետեւաբար զայրացած վիճակում ղեկին նստելը այնքան էլ հարմար ժամանակ չէ»,- ասել է Քալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկայի կլինիկական հոգեբան Դեյվիդ Նարանգը։ «Բացի այդ զայրույթը մարդու մոտ առաջացնում է թունելային տեսողություն, այսիքն՝ դուք նայում եք ուղիղ Ձեր դիմաց, բայց չեք տեսնում ոչ հետիոտներին, ոչ էլ այլ մեքենաներ»։ Եթե Ձեզ իսկապես անհրաժեշտ է վարել մեքենա այդպիսի զայրացած վիճակում, ապա Նարանգը առաջարկում է, որ լայն բացեք Ձեր աչքերը եւ մի լավ նայեք Ձեր շուրջը՝ թունելային տեսողությունից խուսափելու համար։

Ձեր զգացմունքներին ազատություն մի տվեք

Թվում է՝ զայրույթից ազատվելը.. լավ գաղափար է։ Բայց դա կարող է նույնիսկ վատթարացնել Ձեր վիճակը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Ձեր զգացմունքներին ազատություն տալով՝ (օրինակ, բարձով հարվածելը) մարդիկ ոչ միայն ավելի են բարդացնում իրենց վիճակը, այլեւ հետագայում այն կարող է ագրեսիվ վարքի  պատճառ դառնալ։

Ոչինչ մի կերեք

Սննդի միջոցով Ձեր զայրույթը մեղմացնելը այնքան էլ լավ միջոց չէ, - ասել է  «Հաղթահարիր սթրեսը բանականությամբ» գրքի հեղինակ Քեթի Գրուվերը։ «Երբ մենք բարկանում ենք, մենք հաճախ ընտրում ենք անառողջ սնունդ»,- ասել է նա։ «Ոչ ոք բարկացած վիճակում բրոկկոլի չի ուտի։ Մենք սովորաբար ընտրում ենք մեծ բանակությամբ շաքարով, ճարպերով եւ ածխաջրերով հարուստ մթերքներ»։

Մի շարունակեք վիճել

Եթե շարունակեք բարձր ձայնով վիճել, հնարավոր է ասեք այնպիսի  խոսքեր, որոնց համար հետո զղջալու եք,- ասել է Նյու Յորք նահանգի Սիրակուզ քաղաքից հոգեբան եւ ուսուցչուհի Քրիսթին Ալլենը։

Ձեր վիճաբանության մասին մի գրեք Facebook-ում

Եթե դուք սոցիալական ցանցերում հրապարակում եք անձնական ինչ-որ մի բան, հետո այն բավականին դժվար կլինի ետ վերցնել,- ասել է Նարանգը։

Մի գրեք հաղորդագրություն զայրացած վիճակում

Նույնը վերաբերում է բարկացած ժամանակ նամակ գրելուն. դուք չեք կարող ետ վերցնել ձեր կոպիտ եւ վիրավորական խոսքերը։

Մի չարաշահեք ալկոհոլը

Զայրույթը գինով մեղմելը նույնպես շատ վատ գաղափար է։ Երբեմն այն կարող է ունենալ հակառակ ազդեցությունը, ասել է Նարանգը։ Ալկոհոլը կարող է ուժեղացնել զայրույթը՝ մարդուն դարձնելով ավելի իմպուլսիվ, քանի որ ալկոհոլը ազդում է գլխուղեղի ճակատային բիլթերի վրա, որոնք պատասխատնատու են իմպուլսների վերահսկման համար։

Հետեւեք արյան ճնշմանը

Պոռթկումներից հետո՝ առաջիկա երկու ժամում, սրտի կաթվածի եւ ինսուլտի վտանգը ավելանում է, հատկապես սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց համար՝ համաձայն  European Heart ամսագրում հրապարակված ուսումնասիրության։

«Եթե վիճաբանությունների ժամանակ ունեք բարձր ճնշում, այն կարող է ավելի բարձրանալ, հետեւաբար  տարաձայնություններից հետո չափեք արյան ճնշումը,- ասել է «Հաղթեք սրտի կաթվածի գենին» գրքի հեղինակ Բրեդլի Բեյլը։ 

Հիշաչար մի եղեք

Եթե դուք ամբողջ ժամանակ պետք է տանջվեք, մտածելով, թե ինչքան վատ են Ձեզ վերաբերել կամ ինչպես են Ձեզ վիրավորել, դուք միեւնույնն է ոչինչ չեք փոխի,-ասել է Ալլենը։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է հանգստանալ,- ասել է Նարանգը։