7-ամյա Մերի Թոփսակալյանը տառապում է հիվանդությամբ, որն անհնար է բուժել Հայաստանում։ Այդ պատճառով Մերիի բարեկամները պատրաստվում են նրան Գերմանիա տեղափոխել՝ հույս ունենալով, որ այնտեղի կլինիկաներից մեկում հնարավոր կլինի ճիշտ ախտորոշում անել եւ բուժել աղջկան։
Մերիին օգնելու համար դրամահավաք էր կազմակերպվել, որի ընթացքում, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեցին Մերիի բարեկամները, հաջողվել էր մոտ $12 000 հավաքել։ Այս գումարն իհարկե բավարար չէ աղջկա հետազոտման եւ բուժման համար, բայց նրա ծնողները շնորհակալ են բոլոր աջակիցներից։
Հիշեցնենք, որ 7-ամյա Մերին ամեն օր գրեթե անդադար ցնցումներ է ունենում, որոնց պատճառով հաճախ ուշագնաց է լինում։ Այս ցնցումները բացասաբար են ազդում աղջկա գլխուղեղի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների վրա։
Մերիի բուժող բժշկի՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիական ծառայության ղեկավար Նունե Աղաբաբյանի խոսքով, բոլոր հետազոտությունները, որոնք հնարավոր է անել Հայաստանում, արդեն արվել են, բայց վերջնական ախտորոշում առայժմ չկա։ Այս պահին երկու վարկած կա՝ Ռասմուսսենի Էնցեֆալիտ եւ գլխուղեղի զարգացման ի ծնե անոմալիա: Այս վարկածները հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ անել, որոնք Հայաստանում դեռեւս չեն արվում եւ որոնց համար պետք է մեկնել Գերմանիա։
7-ամյա Մերին Հայաստանում փորձել է բոլոր հնարավոր դեղամիջոցները, բայց նրա վիճակը գնալով վատանում է
Յոթնամյա Մերիի ընտանիքը հույս ունի հավաքել Գերմանիայում աղջկա բուժման համար անհրաժեշտ գումարը






