Պացիենտը պետք է հետեւի բուժող բժշկի խորհուրդներին եւ որքան հնարավոր է հաճախ այցելի նրան, սակայն դա տեղի չի ունենում  իրենց առողջության նկատմամբ մարդկանց անփույթ վերաբերմունքի եւ բժշկին դիմելու մշակույթի բացակայության պատճառով։ Այս  մասին ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ՀՀ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը։

Նրա կարծիքով, հայ հասարակության մեջ արմատացած համոզմունք կա, որ հիվանդությունները կարող են սպառնալ ում ասես, բայց ոչ իրենց, եւ այդ մոլորությունը նրանք փաթաթում են նաեւ երեխաներին, որը ապագայում կարող է բերել անցանկալի հետեւանքների նրանց առողջության որակի  ապահովման առումով։ Ոսկանյանը կարծում է, որ մարդկանց անհրաժեշտ է ցույց տալ ճիշտ ճանապարհը, որ նրանք իմանան՝ ինչպես ճիշտ հետեւեն իրենց եւ ինչ կենսակերպ վարեն։

Նա նաեւ խորհուրդ է տվել հետեւել «երկու–մեկ–երկու–մեկ–երկու» բանաձեւին՝ օրվա ընթացքում գոնե երկու անգամ թեթեւ ֆիզիկական վարժություններ կատարել տանը, ապա մեկ անգամ ճաշից հետո, ծայրահեղ դեպքում  15 րոպե ֆիեստա հիշեցնող հանգիստ վերցնել, շաբաթվա ընթացքում գոնե երկու անգամ անհրաժեշտ է այցելել ինչ–որ ակումբ կամ այգի, որտեղ վազելու կամ ակտիվ կենսակերպ վարելու հնարավորություն կա։ Ոսկանյանը խորհուրդ է տվել նաեւ լողավազան եւ մարզասրահներ  այցելել։

Նա նաեւ հավելել է, որ շաբաթը մեկ անգամ ցանկալի է քաղաքից դուրս գնալ, իսկ տարին երկու անգամ երկրից դուրս գալ կամ ինչ–որ առողջարան գնալ, որտեղ հնարավոր կլինի նորմալ հանգստանալ, քանի որ լավ հանգիստը նույնպես շատ կարեւոր է առողջության պահպանման համար։