Փոքրիկ Լինան ծնվել է ընդամենը 950 գրամ քաշով, եւ քչերն էին հավատում, որ նա կապրի։ Այսօր՝ ապրիլի 7-ին, նա դարձավ 1.9 տարեկան։ Լինան միանգամայն առողջ է եւ շատ լավ է զգում։ Մոր հետ Լինան եկել է «Աստղիկ» ԲԿ՝ մասնակցելու Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնելու իրեն խնամած բժիշկներին եւ բուժքույրերին։
Լինայի մայրը՝ 42-ամյա Թեհմինե Սաֆարյանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ երկու ավագ դուստր ունի՝ 24 եւ 25 տարեկան։ Անսպասելի հղիությունը շատ է ուրախացրել իրեն,իսկ շուտով նաեւ իմացել է, որ երկվորյակ երեխաներ է ունենալու, եւ ուրախությունը կրկնապատկվել է։
Սակայն հղիության 28-րդ շաբաթում Թեհմինեի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվում։ Երեխաներից մեկին փրկել չի հաջողվում,սակայն Լինային «Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները կարողանում են փրկել, չնայած աղջիկը չափազանց թույլ էր, եւ հույս գրեթե չկար։ Մոր խոսքով՝ 70 օր շարունակ փոքրիկը նեոնատալ բաժանմունքում էր, մասնագետներն օր ու գիշեր չէին հեռանում աղջկա մոտից, եւ ջանքերն արդյունք տվեցին. հիմա աղջիկն առողջ է, մեծանում ու զարգանում է՝ ինչպես նրա տարիքի բոլոր երեխաները։
Թեհմինեի խոսքով,այսպես ասած, ուշ մայրական տարիքում երեխա ունենալը մեծ երջանկություն է։ Ե՛վ Թեհմինեն, ե՛ւ նրա ավագ դուստրերը մեծ հաճույքով են խնամում փոքրիկին, ուրախանում են նրա յուրաքանչյուր քայլով։
«Աստղիկ» ԲԿ-ի նորածնային ծառայության ղեկավար Նարինե Պողոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ բուժկենտրոնի բացման օրից մինչ հիմա այստեղ ավելի քան 5000 երեխա է ծնվել, որոնցից 480-ը, այդ թվում՝ Լինան, ծնվել են անհաս եւ վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժման կարիք են ունեցել։ Հիմա էլ Նարինե Պողոսյանի ղեկարաված բաժանմունքում 4 անհաս երեխա կա, որոնցից 1-ը ՝ ծայրահեղ ցածր քաշով։
Այսօր՝ ապրիլի 7-ին, «Աստղիկ» ԲԿ-ում անհաս երեխաներին ու նրանց մայրերին նվիրված միջոցառում էր կազմակերպվել։
«Այսօր մենք հրավիրել ենք այն երեխաներին, որոնք շատ ցածր քաշով են ծնվել, պայքարել են իրենց կյանքի համար եւ հաղթել։ Այսօր նրանց մայրերն այստեղ են՝ ժպիտը դեմքին, ուրախ, լավ տրամադրությամբ։ Եվ սա մեր ծանր աշխատանքի բարձրագույն գնահատականն է»,- նշում է բժիշկը։
«Աստղիկ» ԲԿ-ում ծնված եւ ողջ մնացած ամենափոքր երեխան լույս աշխարհ է եկել ընդամենը 780 գրամ քաշով։ Փոքրիկ Նաիրան, որն ինքն իրեն Նանա է կոչում վերջերս 2 տարեկան է դարձել։ Մոր՝ 24-ամյա Տաթեւ Առաքելյանի հետ նա նույնպես մասնակցում է բուժկենտրոնի կազմակերպած միջոցառմանը։
Տաթեւը պատմում է, որ հղիությունը սկզբնական շրջանում նորմալ էր ընթանում, իսկ 6-րդ ամսում բարդություններ սկսվեցին, որոնք սպառնում էին ե՛ւ իր, ե՛ւ երեխայի կյանքին։ Ստիպված էին անհապաղ կեսարյան հատում կատարել, եւ երեխան լույս աշխարհ է եկել խորը անհաս՝ հղիության 24-25 շաբաթում։
Տաթեւի խոսքով՝ 3 ամիս շարունակ բուժկենտրոնում խնամում էին աղջկան, եւ հիվանդանոցից դուրս գրեցին հենց այն ժամանակ, երբ, ըստ էության, պետք է ծնվեր։ Տաթեւն անսահման երախտապարտ է բուժկենտրոնի ամբողջ անձնակազմին, բայց առավելապես նորածնային բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանին եւ Նարինե Պողոսյանին, որ ամեն վայրկյան իր դստեր կողքին են եղել, անընդհատ սատարել են իրեն։ «Այս մարդկանց շնորհիվ երեխաս այսօր ողջ ու առողջ է»,- ասում է Տաթեւը։
Մեկ այլ երիտասարդ մայր՝ Աննա Հարությունյանը, նույնպես վստահ է, որ իր երեխաների առողջության համար պարտական է այս բուժկենտրոնի մասնագետներին. նրա եռյակը ծնվել է հղիության 30-րդ շաբաթում, յուրաքանչյուրը՝ մեկ կիլոգրամից քիչ ավելի քաշով։ Հիմա երեքն էլ առողջ եւ շատ ակտիվ երեխաներ են։ Աննան խոստովանում է. նույնիսկ չափից ավելի ակտիվ, եւ բավական դժվար է հետեւել եռյակին։
Աննան եռյակով հղիացել է բնական ճանապարհով, եւ հղիությունը, այն էլ՝ եռյակով, անակնկալ էր իր համար։ Իսկ ահա 38-ամյա Աննա Իսրայելյանը երկար ժամանակ երազում էր երեխա ունենալու մասին, բազմիցս դիմել է նաեւ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը։ ԱՄԲ-ի երրորդ փորձը հաջողությամբ է պսակվել, եւ Աննան հղիացել է երկվորյակ երեխաներով։ Խոստովանում է, որ հղիությունը ծանր է անցել. նա վահանաձեւ գեղձի եւ արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ ուներ, այդ պատճառով մշտապես ոչ միայն գինեկոլոգների,այլեւ արյունաբան Հեղինե Խաչատրյանի հսկողության ներքո է եղել։
Նատալին եւ Հենրին լույս աշխարհ են եկել հղիության 32-րդ շաբաթում, իսկ նեոնատալ բաժանմունքում ընդամենը 10 օր անցկացրել։ Հիմա նրանք 9 ամսական են։
Երկար սպասված երկվորյակներ են ծնվել նաեւ Արթուր Չիբուխչյանի ընտանիքում, որոնք երկար ժամանակ երազում էին երեխա ունենալու մասին։ Կարինեն ու Լիանան ծնվել են հղիության 30-րդ շաբաթում՝ 1100 եւ 1200 գրամ քաշով։ 35 օր հիվանդանոցում խնամել են նրանց։ Փոքրիկներից մեկի վիճակը ծնվելուց մի քանի օր անց կտրուկ վատացել է, եւ բոլորն արդեն սպասում էին վատագույնին, սակայն, բարեբախտաբար, քույրերը կարողացան կազդուրվել։
«Հիմա նայեք նրանք, որքան լավն են»,- հպարտությամբ ասում է հայրը։
33-ամյա Տաթեւիկ Ալեքսանյանի դուստրը լույս աշխարհ է եկել ավելի պակաս քաշով, քան այս աղջիկները՝ ընդամենը 950 գրամ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ նա 65 օր շարունակ ինտենսիվ խնամքի կարիք է ունեցել։
Հիմա՝ վերհիշելով այդ օրերը, Տաթեւիկը գիտակցում է,թե որքան դժվար էր այդ ժամանակ բոլորի համար. ոչ ոք չգիտեր, արդյո՞ք վաղաժամ ծնված երեխան կապրի։ Ցանկացած դրական փոփոխություն, քաշի ցանկացած ավելացում ուրախացնում էր Տաթեւիկին, եւ հոգու խորքում նա վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա նրա դուստրը 1.9 տարեկան է։
[gallery id=113]






