Մարդիկ սովորաբար հեշտությամբ կարող են բացատրել, թե ի՞նչն է նրանց ամենից շատ դուր գալիս հակառակ սեռի ներկայացուցիչների մեջ։ Բայց հավանաբար քչերը կարող են հստակ բացատրել, թե ինչու են նրանք նախընտրում հենց այդ հատկանիշները։ Գիտությունը մեզ ասում է, որ մեր նախապատվությունները կանխորոշվում են գենետիկայի եւ մարդու բնազդի համադրությամբ։ Բայց եթե դա այդպես լիներ, ապա աշխարհում բոլոր մարդիկ կունենային գեղեցկության մասին նույն պատկերացումները։ Այլ գիտնականներ ասում են, որ ԶԼՄ-ներն են սահմանում գեղեցկության մասին մեր ընկալումները։ Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ հաճախ շատ տարբեր մշակույթներ ընդունում են գեղեցկության նույն ստանդարտները։ Այնուամենայնիվ, այն, ինչ մենք համարում ենք «գրավիչ», մեր ԴՆԹ-ի եւ մեզ շրջապատող միջավայրի համադրությունն է, հայտնում է Medical Daily-ին։

Կենսաբանություն

Չնայած բոլոր աշխարհագրական, ռասայական եւ մշակութային տարբերությունների՝ մենք բոլորս մարդ ենք։ Քանի որ սերունդների շարունակությունը մայր բնության համար շատ կարեւոր է, ապա նա այդ հարցում մեզ աջակցում է, եւ դա շատ տրամաբանական է։ Այդ պատճառով ֆիզիկական գեղեցկությունը բնության կողմից մեզ տրված առողջության մասին մի տեղեկանք է։ Այն ցույց է տալիս, որ լավ գեներ փոխանցող մարդը ունակ է ապրել ու հոգ տանել իր զուգընկերոջ (կամ զուգընկերուհու) եւ սերունդների մասին։ Չնայած այժմ այս ամենի անհրաժեշտությունը չկա, որովհետեւ մեր ԴՆԹ-ն ժամանակի ընթացքում չի փոփոխվել։

Կանացի գեղեցկություն

Կանանց շատ եւ առողջ երեխաներ ունենալու կարողությունը ենթագիտակցորեն կարեւորվում է տղամարդու կողմից։ Գեղեցկությունը բնության մի միջոց է՝ ցույց տալու, թե ով է ավելի պտղաբեր։ Էստրոգեն հորմոնը մեծապես ազդում է կանաց պտղաբերության վրա՝ հետեւաբար նաեւ իրենց գեղեցկության վրա։ Հենց էստրեգենն է ապահովում կանանց կատարյալ՝ «ավազի ժամացույցի» նման կազմվածքը։

Տղամարդու գեղեցկություն

Ավելի մեծ քանակությամբ արական հորմոն (տեստոստերոն) ունեցող տղամարդիկ համարվում են ավելի գրավիչ։ Տեստոստերոնի շնորհիվ տղամարդիկ ունեն ընդգծված այտոսկրեր, քառակուսի ծնոտ, ամուր հոնքեր եւ ուռուցիկ մկաններ, որոնք էլ  գրավում են շատ կանանց։ Կանայք նախընտրում են ավելի շատ տեստոստերոն ունեցող տղամարդկանց, որովհետեւ դրանից կարելի է ենթադրել, որ նա ավելի լավ կպաշտպանի իր կնոջն ու սերունդներին, ինչպես նաեւ կապահովի կնոջն սնունդով եւ կացարանով։ 

Շրջակա միջավայրի ազդեցությունը

Թեպետ, հնարավոր է, մենք ծրագրավորված այս կամ այն հատկանիշները գրավիչ ենք համարում, բայց շրջակա միջավայրը կարող է շատ բան փոխել մեր նախասիրություններում։ Այդպիսի մի օրինակ է վերջերս կատարված ուսումնասիրությունը, ըստ որի, դժվար պայամաններում ապրող տղամարդիկ նախընտրում են ոչ այնքան գեղեցիկ արտաքինով կանաց, որովհետեւ նրանք կկարողանան հաղթահարել այդ դժվարությունները։

Մեծ ոտքեր

Կանանց փոքր ոտքերը գրավիչ են համարվում, քանի որ դրանք վկայում են կնոջ երիտասարդության մասին՝ հետեւաբար նաեւ պտղաբերության։ 2013թ-ին անցկացված հետազոտության մեջ փորձագետները բացահայտել են, որ Ինդոնեզիայի գյուղական համայնքներում շրջակա միջավայրը կարող է փոխել այս բնական նախապատվությունը։ Մեծ ոտքերը նույնացվել են ուժեղ կանանց հետ, ովքեր կարող են ավելի արդյունավետ աշխատել բրնձի դաշտերում։

Թխացած մաշկ

Սպիտակ մաշկը համարվում է գեղեցկության նշան աշխարհի բոլոր անկյուններում։ Զարմանալի չէ, որ շատ երկրներում սպիտակ մաշկ ունեցող կանայք նմանեցվել են իշխանության եւ հարստության հետ։ Սպիտակ մաշկը երիտասարդության եւ պտղաբերության նշան է։ Դա պայմանավորված է նրանով, որ երիտասարդ շրջանում մաշկն ավելի սպիտակ է, քանի որ այլ էլեմենտներ դեռեւս չեն ազդել նրա վրա։ Սակայն ինչպես հայտնում է Medical News-ը՝ հղելով ABC News-ին, որոշ մարդկանց կարծիքով արեւմտյան մշակույթներում կատարված Արդյունաբերական հեղափոխությունը փոխել է այս մտածելակերպը՝ նախապատվություն տալով թխացած մաշկին։ Արեվմտյան երկրներում, ինչպիսին է Ամերիկան, թխացած դեմքերն համարվում են ավելի գրավիչ։ Դա միգուցե պայմանավորված է նրանով, որ  թուխ մաշկը ասոցացվում է հարստության հետ, քանի որ տվյալ մարդն ի վիճակի է գումար տրամադրել՝ արձակուրդ գնալու եւ արեւից թխանալու համար։