«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը» պնդում է, որ ընկերության աշխատակիցները որեւէ մեկին չեն սպառնացել զրկել լիցենզիայից։ NEWS.am Medicine-ի հարցմանն ի պատասխան ընկերությունից հայտնել են, որ ստոմատոլոգների բողոքներից հետո ներքին հետաքննություն են իրականացրել, որի արդյունքներով կարող են հավաստել, որ ընկերությանը պատկանող հեռախոսահամարներից ստոմատոլոգները սպառնալիքներով զանգեր չեն ստացել։
Ստորեւ ներկայացնում ենք «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի» պատասխանները NEWS.am Medicine-ի հարցերին.
«1. Շիրակից եւ Լոռուց մի քանի ստոմատոլոգներ բողոքել էին, որ armed.am կայքից սպառնացել են էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալու դեպքում իրենց զրկել արտոնագրից։ Ի՞նչ հիմքով եւ ինչ իրավունքով կարող է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ–ն ստոմատոլոգիական կլինիկային զրկել արտոնագրից։
Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ն չունի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց լիցենզիա տրամադրելու կամ դրա գործողությունը դադարեցնելու իրավասություն, եւ երբեւէ որեւէ մեկին չի սպառնացել զրկել լիցենզիայից։ Նշված բողոքներից հետո մենք իրականացրել ենք ներքին հետաքննություն, որի արդյունքում հաստատվել է, որ մեր աշխատակիցները որեւէ մեկին նման տեղեկություն չեն հաղորդել։ Մենք բաժանորդներին արդեն տեղեկացրել ենք, որ մեր հեռախոսահամարն է 011 202033 եւ որ ընկերության անունից այլ հեռախոսահամարներով զանգեր չեն կատարվում։ Օպերատորի անունից, վերոնշյալ հեռախոսահամարից բացի այլ հեռախոսահամարներից զանգերի դեպքում խնդրում ենք ահազանգել 011 202033։
2. Ստոմատոլոգների դժգոհության հիմնական կետերից է կայքին միանալու բարձր սակագինը։ Ի՞նչ մեխանիզմով են այդ սակագները հաշվարկվում։
Էլ․ առողջապահության համակարգի շահագործման, սպասարկման եւ զարգացման, ներառյալ՝ սերվերային սարքավորումների գնման եւ նորացման, նաեւ «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերությունից ծրագրային ապահովման թարմացումների ձեռքբերման համար օպերատորը կատարում է ներդրումներ եւ ծախսեր, որոնք ֆինանսավորվում են համակարգի սպասարկման համար գանձվող վճարներից։ Համակարգի սպասարկման համար բաժանորդներից գանձվող վճարների սակագները եւ գնագոյացման մեխանիզմը որոշվել են մրցութային հիմունքներով՝ հաշվի առնելով շահագործման հետ կապված վերոնշյալ բոլոր ծախսերը եւ առկա վիճակագրական տվյալները (բուժհաստատությունների, բուժաշխատողների, այցերի քանակ եւ այլն)։ Սակագներն ամրագրվել են ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիայի պայմանագրով եւ գտնվում են ՀՀ կառավարության ու լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության մշտական վերահսկողության տակ։ Վերահսկողության արդյունքում սակագները ենթակա են վերանայման՝ կոնցեսիայի պայմանագրով նախատեսված հիմքերով, այդ թվում՝ հաշվի առնելով համակարգի շահագործման եւ բարելավման համար օպերատորի կողմից կատարվող հիմնավորված ծախսերը (նախապես հաստատված կապիտալ ներդրումները), ինչպես նաեւ ճշգրտվող վիճակագրական տվյալները։
3. Շատ են նաեւ դժգոհությունները կայքի աշխատանքից։ Մասնավորապես, հիվանդանոցների ապահովագրական ծառայությունները բողոքում են կայքի հաճախակի խափանումներից։ Նաեւ բողոքում են, որ տվյալների բազան ամբողջական չէ, իսկ կայքը օգտվելու համար պրակտիկ չէ։ Հիմնավորվա՞ծ են արդյոք բողոքները, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նման խնդիրներ չառաջացնելու համար։
Ինչպես ցանկացած բարդ համակարգի դեպքում, էլ․ առողջապահության համակարգում երբեմն կարող են լինել տեխնիկական խափանումներ, սակայն գործնականում դրանք հազվադեպ են տեղի ունենում եւ վերականգվում են ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիայի պայմանագրով ու դրա հիման վրա կնքված բաժանորդային պայմանագրերով սահմանված ժամկետներում։ Բացի դրանից՝ էլ. առողջապահության համակարգը ծանրաբեռնվածությանը զուգահեռ շարունակաբար վերազինվում է, իսկ ծրագրային ապահովումը թարմացվում՝ հաշվի առնելով նաեւ բաժանորդների առաջարկությունները։ Օպերատորն ունի մշտապես գործող զանգերի կենտրոն, որն ընդունում է բաժանորդների բողոքները եւ առաջարկները, ինչպես նաեւ անձամբ իրականացնում է մշտադիտարկում, որոնց հիման վրա նախաձեռնվում է համակարգի բարելավման մշտական գործընթացը։ Ինչ վերաբերում է տվյալների բազային, թերեւս խոսքը սպասարկվող քաղաքացիների նույնականացման համար անհրաժեշտ տվյալների մասին է, որոնք ստացվում են ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից։ Բացառիկ դեպքերում բնակչի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում նրան սպասարկելու համար բուժհաստատության աշխատակիցը կարող է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա քաղաքացու տվյալներն անձամբ գրանցել համակարգում»։
Շիրակի ստոմատոլոգները բողոքի ակցիա կանցկացնեն մարզպետարանում՝ ընդդեմ eHealth համակարգի






