Չինաստանի Անհոյ նահանգում տեղի է ունեցել զարմանալի դեպք՝ բժիշկները հեռացրել են ռեզին, որը սերտաճել էր 4 տարեկան աղջկա ձեռքի մաշկի մեջ։
Դեռ հունվարին աղջկա տատիկն ու պապիկը նկատել էին, որ աղջկա նախաբազուկն այտուցված է։ Չնայած աղջիկը դժգոհում էր ձեռքի ցավերից ու թմրությունից, նրանք ոչինչ չէին ձեռնարկել ու սպասել էին աղջկա ծնողների վերադարձին, որոնք ուրիշ նահանգում էին աշխատում։ Ծնողները անմիջապես երեխային տարել էին բժշկի մոտ։
Նրանք ստիպված են եղել շրջել մի քանի հիվանդանոցներ, մինչև հիվանդանոցներից մեկում հասկացել են, որ երեխայի մաշկի մեջ կլոր ռեզին է սերտաճել։ Մասնագետները ենթադրում են, որ աղջիկն այն առնվազն վեց ամիս առաջ էր ձեռքին ամրացրել ու այլևս չէր հանել։
Ուլտրաձայնային էխոգրաֆիան հաստատել է նրանց ենթադրությունը։ Սերտաճած ռեզինը հեռացնելու համար վիրաբույժը ստիպված է եղել կտրել ձեռքի մաշկը։ Պրոցեդուրան տևել է մոտ 30 րոպե։
Բժիշկները նախազգուշացնում են ծնողներին, որ փոքր երեխաներին թույլ չտան խաղալ մազի ռեզիններով ու դրանք ձեռքերի վրա չկրեն։







