Ամերիկացի վիրաբույժները պատմության մեջ առաջին անգամ ռոբոտի օգնությամբ իրականացրել են ողնաշարի ուռուցքի հեռացման վիրահատություն։ Նախկինում նման տեխնիկան կիրառվում էր միայն փափուկ հյուսվածքների վրա կատարվող պրոցեդուրաների համար։ Այս մասին հայտնում է Penn Medicine News պորտալը։
Վիրահատության է ենթարկվել մի 27-ամյա տեղամարդ, որի մոտ հայտնաբերվել է հազվագյուտ ուուցք՝ խորդոմա։ Ուռուցքը դանդաղ էր աճում, սակայն պահանջում էր հնարավորինս օպերատիվ վիրահատական միջամտություն։ Չարորակ խորդոմայի հեռացման պրոցեդուրան պահանջում էր առանձնահատուկ ճշգրտություն՝ ոսկորների կամ փափուկ հյուսվածքների վնասումը կարող էր կաթվածահար անել տղամարդուն, իսկ ուռուցքի ոչ լիարժեք հեռացման դեպքում քաղցկեղի տարածումը կարող էր արագանալ։
Բժիշկները որոշել են դիմել ռոբոտի օգնությանը։ Վիրահատությունը երեք փուլով է իրականացվել՝ քայքայված ողնաշարի բեկորների հեռացում, ուռուցքի հեռացում ու ողերի վերականգնում՝ ազդրից վերցված մասի օգնությամբ։
«Նման վիրահատությունների համար առաջին անգամ է օգտագործվել ռոբոտ՝ հազվադեպ մոտեցում ոչ պակաս հազվադեպ ու բարդ դեպքին»,- ասել էր նեյրովիրաբուժության ու օրթոպեդիկ վիրաբուժության դոցենտ Նիլ Մալխոտրան։
Վիրահատությունը մոտ 20 ժամ է տևել։ Նախկինում ռոբոտ կիրառվում էր միայն փափուկ հյուսվածքների վրա արվող վիրահատությունների ժամանակ։ Պրոցեդուրան հաջող է անցել, հիվանդը կարողացել է վերադառնալ նորմալ կյանքի։
«Այս տեխնոլոգիայի ու պրոցեդուրայի համատեղման հնարավորությունը հեղափոխական է։ Վիրահատությունը այս առումով առաջադեմ էր»,- հայտնել է օտորինոլարինգոլոգիայի բաժանմունքի պրոֆեսոր Բերթ Օ’ Մելին։






