Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ մայիս ամսվա երկրորդ շաբաթ օրը համարվում է զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օր: 2014թ-ին այն կնշվի այսօր ՝մայիսի10-ին:
Զարկերակային հիպերտոնիայով, այսինքն բարձր զարկերակային ճնշումով, տառապում է աշխարհում ամեն երրորդ չափահաս մարդը: Հայաստանում այն նույնպես լայն տարածում ունի. ինչպես վերջերս լրագրողներին հայտնել է Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը՝ Հայաստանում չափահասների 30% , իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց 70%-ը տառապում է հիպերտոնիայով: Բացի այդ, շատ մարդիկ անգամ չգիտեն, որ իրենց ճնշումը բարձր է, եւ այն իրենից մեծ վտանգ է ներկայացնում:
Առաջին հերթին բարձր զարկերակային ճնշումը միոկարդիալ ինֆարկտի եւ իշեմիկ ինսուլտի ամենակարեւոր ու հիմնական ռիսկի գործոններից է:
Երկրորդը, հիպերտոնիան կարող է հանգեցնել անոթային դեմենցիայի, որն այսօր բավականին տարածված է Հայաստանում: Ինչպես ասել է Երեւանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը, անոթային դեմենցիան առաջանում է մի շարք մանր ինսուլտներից, որոնք մարդը կարող է անգամ չզգալ: Իսկ այդ մանր ինսուլտները իրենց հերթին բարձր ճնշման հետեւանք են:
Զարկերակային ճնշում առաջացնող բոլոր խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միշտ վերահսկել ճնշումը:
Ե՞րբ եք Դուք վերջին անգամ չափել Ձեր ճնշումը: Ամեն դեպքում, ինչու՞ չչափել այն հենց հիմա։






