Նախկինում Հայաստանում եւ ամբողջ Կովկասում սեռականությունը բավական բարձր էր, իսկ հիմա աստիճանաբար նվազում է, իսկ երիտասարդները սեռական հարաբերությունների փոխարեն հեռուստացույց են նախընտրում: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց սեքսոպաթոլոգ Մարատ Զաքարյանը:

Ըստ նրա՝ սեռականության նվազեցման հետ մեկտեղ Հայաստանում մեծանում է սեռական խանգարումների թիվը երիտասարդների մոտ:

"Մի ֆրանսիացի հոգեբան ասել է, որ եթե առաջ Եվրոպայում մտածում էին սեքսի մասին, սեռականության մասին, սիրելու մասին, հիմա արդեն մտածում են կարիերայի եւ ուտելու մասին: Անգամ հեռուստատեսությանը ավելի առաջնային տեղ են հատկացնում, քան ինտիմ հարաբերություններին եւ հաճույք ստանալուն", - ասաց սեքսոպաթոլոգը:

Մարատ Զաքարյանը նաեւ նշեց, որ չնայած սեռականության նվազեցմանը երկրում, մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել մասնագետներին՝ օգնություն ստանալու ակնկալիքով: Ավելի հաճախ են դիմում տղամարդիկ՝ էրեկցիայի կամ սերմնաժայթքման հետ կապված խնդիրներով: Ինչ վերաբերվում է կանանց խնդիրներին, դրանք հիմնականում կապված են սեռական ցանկության նվազեցման կամ վագինիզմի հետ: 

Սեքսոպաթոլոգը նշեց նաեւ, որ սեռական խնդիրների մեծ մասը՝ մոտ 80-85 տոկոսը, կապված է հոգեբանական ոլորտի հետ, եւ որ նմանատիպ խնդիրները շատ ավելի հեշտ է լուծել, քան ֆիզիկական ոլորտի հետ կապված խնդիրները: