Իսպանիայի Մուրսիա քաղաքի 24-ամյա բնակիչը զրկվել է ոտքերից ու ձեռքերից ու գամվել անկողնուն բժշկի սխալ ախտորոշման հետևանքով։
Sun պարբերականը գրում է, որ մարզասեր Դևիդ Մորանան դիմել էր անհապաղ բուժօգնության բաժանմունք հունվարին՝ ուժեղ տենդով ու ծնոտի մասում ուժեղ ցավերով։ Բուժքույրերը նրանից արյան ու մեզի անալիզ են վերցրել, սակայն որևէ լուրջ շեղում անալիզները չէին հայտնաբերել։ Եւ բժիշկը երիտասարդին ուղարկել է տուն՝ բուժվելու։

Հետագայում Մորանայի մոտ սկսվել է սրտխառնոց , մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, իսկ դեմքին շագանակագույն բծեր են հայտնվել։ «Ես ինձ սարսափելի վատ էի զգում։ Ոտքերս սարսափելի ցավում էին, թվում էր, թե սառել էին։ Ես հանեցի գուլպաներս ու տեսա, որ շագանակագույն բծեր են հայտնվել նաև ոտքերիս վրա»,- պատմել է իսպանացին։
Նա վերադարձել է հիվանդանոց, ու ստուգումից հետո բժիշկները հայտնաբերել են նրա մոտ մենինգիտ։ Երկու օրվա ընթացքում ինֆեկցիան տարածվել է ամբողջ մարմնով մեկ ու տղամարդու կյանքը փրկելու համար ստիպված են եղել անդամահատել նրա ոտքերն ու ձեռքերը։
Հիմա Մորանան փորձում է պրոթեզավորման համար փող հավաքել ՝ քրաուդֆանդինգի միջոցով ։ Նա խոստովանում է, որ նախկինում մարզիկ է եղել ու կցանկանար վերադառնալ ակտիվ կյանքին։







