Հայերը շարունակում են ամաչե՞լ իրենց սեքսուալ խնդիրներից, թե՞ սկսել են դիմել մասնագետի՝ դրանք լուծելու համար: Ի՞նչ խնդիրներով եւ ովքե՞ր են դիմում սեքսոպաթոլոգին: Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցեց Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սեւադա Հակոբյանի հետ:
Բժիշկը նշեց, որ շատերը Հայաստանում արդեն հաղթահարել են այն կարծրատիպերը եւ տաբուները, որոնք թույլ չէին տալիս մարդկանց սեռական խնդիրների դեպքում բժիշկի դիմել:
"Մարդիկ ավելի հարմար են գտնում դիմել մասնագետին եւ խնդրի լուծում ստանալ, քան այդ խնդրով պարփակվել, քանի որ արդեն հասկանում են, որ դա կարող է ընտանիքում խնդիրների եւ նույնիսկ ամուսնալուծության պատճառ դառնալ", - ասաց սեքսոպաթոլոգը:
Տղամարդիկ են դիմում թե՞ կանայք
Պարզվում է, որ սեքսոպաթոլոգին ավելի հաճախ դիմում են տղամարդիկ, քանի որ շատերը մեր երկրում դեռ կարծում են, որ զույգի սեռական կյանքի պատասխանատուն տղամարդն է: Սակայն, Սեւադա Հակոբյանի խոսքով, սեքսոպաթոլոգները բուժման գործընթացում աշխատում են ներգրավել նաեւ կնոջը, քանի որ սեռական խնդիրներն իրականում ոչ թե մեկ մարդու խնդիրն են, այլ զույգի:
Ո՞ր տարիքի մարդիկ են դիմում
Ինչպես մեզ պատմեց Սեւադա Հակոբյանը, ամենից հաճախ սեքսոպաթոլոգներին այցելում են 25-45 տարեկան եւ ակտիվ սեռական կյանքով ապրող մարդիկ: Բժշկի կարծիքով, հենց ակտիվ սեռական կյանքով ապրող մարդիկ են ավելի զգայուն սեռական ոլորտի ցանկացած որակական փոփոխությունների նկատմամբ, եւ հենց այդ փոփոխություններն են, որ մասնագետին դիմելու պահանջ են առաջացնում:
Ի՞նչ խնդիրներով են դիմում
Սեքսոպաթոլոգին դիմող տղամարդկանց մեծ մասն ունի խնդիրներ՝ կապված էրեկտիլ խանգարումների, սերմնաժայթքման խանգարումների եւ արական անպտղության հետ:Ինչ վերաբերվում է կանանց, նրանց մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրներն են անօրգազմիան եւ սեռական ցանկության իջեցումը կամ բացակայությունը:






