Այսօր, մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը (International Nurses Day)։ Առաջին անգամ այս տոնի գաղափարը հնչել է 1953 թվականին, բայց այն նշվում է 1965 թվականից։
Բուժքույրերի միջազգային օրը նշվում է Բուժքույրերի միջազգային Խորհրդի (ICN) հովանու ներքո, իսկ օրը՝ մայիսի 12-ը՝ պատահական չէ ընտրված։ Այդ օրը ծնվել է Ֆլորենս Նայթինգեյլը (Florence Nightingale)՝ հայտնի անգլուհին, ով Ղրիմյան պատերազմի ժամանակ (1853—1856) կազմակերպել է գթասրտության քույրերի աշխարհում առաջին ծառայությունը։ Պատերազմի ժամանակ նա վիրավոր զինվորների համար կազմակերպել էր խնամք, սարքավորել հիվանդանոցային խոհանոցը, լվացքատունը, անգամ բաղնիքը, ինչի շնորհիվ մահացությունը վիրավոր զինվորների շրջանում զգալիորեն նվազել է։ Ավելի ուշ նա կազմակերպել է հանգանակություն եւ 1860 թվականի հունիսի 26-ին Սենթ Թոմաս լոնդոնյան հոսպիտալում բացել է գթասրտության քույրերի դպրոց։
2014 թվականի Բուժքույրերի միջազգային օրվա կարգախոսն է. «Բուժքույրերը՝ փոփոխությունների շարժիչ ուժ, առողջության պահպանման կենսական կարեւորության ռեսուրս»։






